Բաժին. Պաշտոնական

Էդուարդո Էռնեկյանին շնորհվել է Հայաստան Հանրապետության Ազգային Հերոսի Կոչում

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարվել է ՀՀ նախագահական նստավայրում Անկախության 26-ամյակի առիթով պարգևատրումների արարողության ժամանակ:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար մեծանուն բարերար Էդուարդո ԷՌՆԵԿՅԱՆԻՆ շնորհել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով Հայրենիքի շքանշան», – ասված է հրամանագրում։

Էդուարդո Էռնեկյանը, ով համարվում է Լատինական Ամերիկայի հաջողակ գործարարներից մեկը, այսօր Արգենտինայի 2-րդ ամենահարուստ մարդն է: Ամերիկյան Forbes պարբերականի գնահատմամբ՝ 84-ամյա Էդուարդո Էռնեկյանի կարողությունը կազմում է շուրջ 2.3 մլրդ ԱՄՆ դոլար: Աշխարհի ամենահարուստ մարդկանց 2017 թվականի վարկանիշում էռնեկյանը 896-րդն է:

Էդուարդո Էռնեկյանը ծնվել է Բուենոս Այրեսում, հայ գաղթականների ընտանիքում։

Այսօր Էռնեկյանն Corporación América ընկերությունը զբաղվում է օդանավակայանների տնօրինությամբ, ենթակառուցվածքային գործունեությամբ, գյուղատնտեսությամբ, էներգետիկայով, մանրածախ առևտրով և բանկային գործունեությամբ։

Էդուարդո Էռնեկյանի աջակցությամբ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը հասցվել է միջազգային մակարդակի։ Ներկայումս Էռնեկյանը ներգրավված է հայկական գինու հնագույն արտադրությունը վերակենդանացնելու գործում։

Share