Բաժին. Պաշտոնական

Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի այցը Երևանի կոնյակի գործարան

Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի գլխավորած պատվիրակությունը ս.թ. փետրվարի 13-ին այցելեց Երևանի կոնյակի գործարան: Ըստ նախատեսված ծրագրի՝ պատվիրակությունը այցելեց Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարան, որտեղ ծանոթացավ ԱՐԱՐԱՏ հայկական կոնյակի պատմությանը և արտադրական գործընթացին:

Ռումեն Ռադևը կանգ առավ նաև «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնացվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Նախագահը իր ստորագրությունը թողեց գործարանի հուշագրքում:

Նախագահ Ռադևը նաև եղավ Երևանի կոնյակի գործարանի գանձարանում, որտեղ պահվում է ԱՐԱՐԱՏ կոնյակների բացառիկ հավաքածու՝ նախորդ դարասկզբի առաջին նմուշներից մինչ մեր օրեր: 

Ըստ ավանդույթի՝ Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանի նախագահական անցուղին համալրվեց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի անվանական տակառով:

Նշենք, որ ԵԿԳ-ում պահվում է նաև 2004թվ.-ին գործարան այցելած Բուլղարիայի նախկին նախագահ Գեորգի Պարվանովի անվանական տակառը:

ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակներն արտադրվում են Երևանի կոնյակի գործարանում բացառապես բարձրորակ հայկական խաղողից և բյուրեղյա մաքուր աղբյուրի ջրից՝ ավանդական տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնց հիմքը դրվել է դեռևս 1887 թվականին Ներսես և Վասիլի Թաիրյանց եղբայրների կողմից: ԱՐԱՐԱՏ կոնյակների արտադրության համար օգտագործվող հատընտիր սպիրտները հնացվում են կովկասյան դարավոր կաղնու տակառներում, որոնք պատրաստվում են գործարանի սեփական տակառագործական արհեստանոցում: 1998 թվականին Երևանի կոնյակի գործարանը միացավ աշխարհում մեծությամբ երկրորդ ալկոհոլային ընկերությանը՝ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին:

Share