Բաժին. Պաշտոնական

Կարեն Կարապետյանի և Սաադ Հարիրիի ելույթները՝ ՀՀ վարչապետի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ

Լիբանան պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 12-ի երեկոյան մասնակցել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի անունից ՀՀ վարչապետի պատվին տրված պաշտոնական ընթրիքին:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում նշել է.

«Լիբանանի Հանրապետության հարգարժան պարոն վարչապետ, հարգելի՛ ներկաներ,

Ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել պարոն Հարիրիին Լիբանան պաշտոնական այցի՝ ինձ ուղղված հրավերի և ջերմ ընդունելության համար։

Բոլորիս է հայտնի, որ հայ-լիբանանյան կապերն ու հարաբերությունները միշտ եղել են յուրահատուկ, ինչը պայմանավորված է մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններով: Վստահաբար այստեղ իր առանցքային և գնահատելի դերն ունի լիբանանահայ համայնքը՝ իր խաղաղ և ստեղծագործ վարքով։

Անցած տարիների փորձը միայն հաստատում է թե՛ երկկողմ, թե՛ միջազգային ասպարեզներում հայ-լիբանանյան փոխգործակցության համահունչ լինելը: Մեզ միայն մնում է երկուստեք ապահովել դրա հետագա խորացմանը, մեր ընդհանուր արժեքների պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքերի շարունակականությունը:

Ներկայումս մեզ անհրաժեշտ է առավել զարգացնել և ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը:

Լիահույս եմ, որ այս օրերին մեր կողմից քննարկված հարցերը և ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ժամանակներս կյանքի կկոչվեն և նոր թափ ու որակ կհաղորդեն հայ և լիբանանցի ժողովուրդների բազմաբովանդակ փոխգործակցության խորացմանը:

Հետևելով վերջին տարիներին տարածաշրջանում և Լիբանանի անմիջական հարևանությամբ ծավալվող ողբերգական և ցավալի իրադարձություններին՝ ուզում եմ ընդգծել Հայաստանի՝ բարեկամ Լիբանանին սատար կանգնելու պատրաստակամությունը և հույս հայտնել, որ դարերի իմաստություն ու հայրենասիրական արժեքներ կրող լիբանանցի ժողովուրդը պատվով և իրեն հատուկ համախմբվածությամբ կդիմագրավի բոլոր մարտահրավերները, կպահպանի երկրի հավասարակշիռ կեցվածքը և բնականոն զարգացումը:

Մեծարգո՛ պարոն վարչապետ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Լիբանանի ժողովրդին` խաղաղություն, կայունություն և հետագա տնտեսական բարգավաճում:

Կեցցե՛ Լիբանանը և կեցցե՛ հայ-լիբանանյան բարեկամությունը»:

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին իր խոսքում ասել է. «Հարգարժան պարոն վարչապետ և հարգելի բարեկամներ,

Մեծ պատվով այս երեկո հյուրընկալում ենք մեր հարգարժան հյուրին` Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին ու նրա գլխավորած պատվիրակությանը:

Առաջին հերթին, շնորհավորում եմ այս ամսվա սկզբին Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի ընտրությունը:

Նախորդ տարում մենք նշել ենք անկախ Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, սակայն երկու երկրների միջև մշակութային ու պատմական կապերն ունեն ավելի քան 2000 տարվա պատմություն` Տիգրան Մեծի օրերից:

Ներկա փուլում Լիբանանն ու Հայաստանն ունեն հաջող հարաբերություններ տարբեր ոլորտներում, հատկապես՝ բիզնեսի: Կա նաև բուհերի միջև ակադեմիական փոխանակում, ինչպես նաև ծավալվում է երկկողմ աշխույժ գործակցություն մշակույթի, արվեստի և զբոսաշրջության ոլորտներում:

Լիբանանահությունը կարևոր դեր է խաղում այս հարաբերությունների զարգացման մեջ` հատկապես նկատի առնելով, որ նրանք համարվում են աշխույժ դերակատար թե′ լիբանանյան ազգային կյանքում, թե′ աշխատանքային, արտադրության, մշակութային, կրթական և արվեստի ոլորտներում:

Ակտիվ փուլում է գտնվում նաև երկու երկրների միջև ներդրումների փոխանակումը, որի վերջին արդյունքներից է լիբանանյան երկու բանկերի ներգրավվածությունը Հայաստանի ֆինանսական համակարգում:

Պարոն վարչապետ և բարեկամներ,

Երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը գտնվում էր նահատակ վարչապետ Ռաֆիկ Հարիրիի ուշադրության կենտրոնում, և նա դարձավ լիբանանցի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով սկսած 1997 թվականից երեք անգամ այցելեց Հայաստան: Հույս ունեմ շարունակելու նրա առաքելությունը` միշտ մտքում ունենալով երկու ժողովուրդների շահերն ու բարեկամական հարաբերությունները:

Շնորհակալություն և մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեր այցելությունը Լիբանանի վարչապետարան:

Կեցցե՛ն Լիբանանի ու Հայաստանի բարեկամական հարաբերությունները, կեցցե՛ն Հայաստանն ու Լիբանանը»:

Share