Պաշտոնական | 21:30 31/03/18

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի կենտրոն համայնքում ներկա է գտնվել «Սթար Վուդ» հյուրանոցային խմբի լյուքս շարքին պատկանող «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը:

Հանրապետության Նախագահը շրջել է նորաբաց և Հայաստանում իր դասի մեջ միակը հանդիսացող հյուրանոցային համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:

Հանդիսանալով «Մարիոթ ինթերնեյշնլ» ընկերությանը պատկանող «Դը լաքշրի քոլեքշն» աշխարհահռչակ ցանցի անդամ՝ «Ալեքսանդր» հյուրանոցը կառուցվել է համաշխարհային չափանիշներին համապատասխան՝ բարձրորակ շինարարական նյութերով և կահավորմամբ:

Հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով կատարված ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 53,9 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Հյուրանոցում, որը կարող է միաժամանակ ընդունել մինչև 230 այցելու, ստեղծվել է 280 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով 144 աշխատատեղ: Ըստ պատասխանատուների, այն առաջիկայում նախատեսվում է հասցնել 170-ի: