Բաժին. Պաշտոնական

Կառավարությունում քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարության՝ հունիսի 8-ին գումարված հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում 2018-ին գործարարությամբ զբաղվելու ծրագիրը։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է Վարչապետի պաշտոնական կայքից։ «Գործարարությամբ զբաղվելը 2018» ծրագրի վարկանիշային աղյուսակի «Ընկերությունների գրանցումը» ցուցիչով ՀՀ զբաղեցրած դիրքի համար հիմք է հանդիսացել նաև ՀՀ օրենսդրության մեջ իրավաբանական անձանց կնիք ունենալու և կնիքի կիրառման պահանջ սահմանող դրույթների առկայությունը:
Խնդրահարույց այդ դրույթները կան ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում, ՀՀ հարկային օրենսգրքում, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում: ՀՀ կառավարությունն իր նիստում հավանություն է տվել նշված օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին՝ դրանով իսկ բացառելով իրավաբանական անձի կողմից կնիքի կիրառման անհրաժեշտությունը:

ՀՀ կառավարությունը քննության է առել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծերը:
Դրանցից առաջինով՝ ՀՀ սահմանադրության փոփոխություններին համահունչ, պարտադիր զինծառայության զորակոչի ժամանակ տարկետում կամ ազատում տալու գործընթացում վերանայման կարիք ունի քաղաքացու վերաբերյալ որոշումների կայացման գործընթացը: Հանձնաժողովի կողմից որոշման ընդունումն առաջարկվում է փոխարինել եզրակացության կայացմամբ, իսկ որոշման ընդունման լիազորությունը վերապահել պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարին: Նույն դրույթը կիրառվելու է նաև «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում:

«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի փոփոխությամբ, մասնավորապես, նախատեսվում է այլընտրանքային ծառայության ուղարկելու դիմումի վերաբերյալ բացասական եզրակացության հիման վրա քաղաքացու դիմումի մերժման իրավասությունը վերապահել ՀՀ արդարադատության նախարարին:
Վերը նշված օրենքի նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Share