Բաժին. Պաշտոնական

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին Ազգային ժողովում, արդյունավետ է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը: ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հարաբերությունների խթանման հարցում կարևորել է  խորհրդարանականների փոխադարձ այցերն ու կապերի ամրապնդումը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը, անդրադառնալով մեր երկրի ներքաղաքական զարգացումներին, ասել է. «Աշխարհն ականատես եղավ, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է և հավատարիմ է որդեգրած սկզբունքներին ու գաղափարներին. դրա վառ ապացույցը խնդիրների կարգավորումն էր խաղաղ և սահմանադրական ճանապարհով»:

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին` Արա Բաբլոյանը նշել է. «Պետք է համատեղ ուժերով մշակել և ներդնել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի անցկացվելիք ընտրությունները համապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին և ընդունելի լինեն  հանրության կողմից»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար`Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի դերակատարությունը` Հայաստանի համար փոփոխությունների ժամանակահատվածում խորհրդարանական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու գործում:

Դեսպանը կարևորել է Հայաստանում ներքաղաքական գործընթացների կարգավորման հանգուցալուծումը իրավունքի գերակայության ուժով` փոխըմբռնման  մթնոլորտում:

«Հայաստանի նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովը շարունակում է կարևոր դեր ունենալ և Հայաստանի պատմության այս կարևոր շրջանում ես պատրաստ եմ աշխատել Ձեր ու մյուս ղեկավարների հետ»,- ասել է Ռիչարդ Միլսը:

Զրուցակիցներն անդրադարձել են Ընտրական օրենսգրքի  բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրականացվող քայլերին, համագործակցության հեռանկարներին:

Share