Բաժին. Պաշտոնական

Աշոտ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:

Նախարարը, բարձր գնահատելով դեսպանի ներդրումը հայ-բելառուսական կապերի ամրապնդման գործում, հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավորություն կլինի խորացնելու երկու երկրների միջև համագործակցությունը: Նա նշել է, որ հայ-բելառուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա փորձը լավ հիմք է հետագա արդյունավետ փոխգործակցության համար:

Դեսպանն իր հերթին ընդգծել է գործակցության մակարդակի բարձրացման կարևորությունը՝ համոզմունք հայտնելով, որ դա կարող է ընդգրկել նախարարության պատասխանատվության տակ գտնվող բոլոր ոլորտները:

Կողմերը քննարկել են ավտոմոբիլային փոխադրումների իրավական կարգավորմանը վերաբերող հարցեր: Դեսպանի խոսքով՝ Բելառուսում ԵԱՏՄ անդամ պետությունների համար ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնելիս օրենսդրությունը հատուկ թույլտվություն չի նախատեսում:

Իգոր Նազարուկը ներկայացրել է նաև Մինսկի ավտոգործարանի արտադրանքն ու ներուժը, խոսվել է տրանսպորտային ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկաթուղային և ՏՏ ոլորտներում գործակցության հեռանկարներին:

Share