Բաժին. Պաշտոնական

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը՝ նախարարությունում

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ Խորհրդի նախագահի առաջարկությամբ Հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը խորհրդի անդամներին ներկայացրել է 2017 թվականին իրականացված ծրագրերի վերաբերյալ հաստատված հաշվետվություն։

Մասնավորապես մանրամասն ներկայացվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (CARMAC II ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները, անդրադարձ է կատարվել Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային, Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ծրագրերի ընթացքին։

Այնուհետև Խորհուրդը քննարկել է օրակարգում ընդգրկված հարցը՝ CARMAC II ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի արոտավայրերի ջրարբիացման համակարգի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով «Ազգային մրցակցային մրցույթ» մեթոդով շինարարական կազմակերպության ընտրության արդյունքների գնահատման հաշվետվության, պայմանագրի շնորհման և «Ղարաբաղցյան-շին» ՍՊԸ-ի հետ կնքվելիք պայմանագրի նախագիծը հաստատելու վերաբերյալ։

Գեղամ Գևորգյանը հարցի առնչությամբ նշել է, որ ծրագրի պայմաններով համայնքի կողմից նախատեսված է 5 տոկոսի չափով ներդրում, սակայն Վաղաշենում ցանկություն են հայտնել առավել հզոր ջրագիծ տեղադրել՝ սեփական ներդրումների սահմանաչափի ավելացման հաշվին։

Share