Բաժին. Պաշտոնական

Կառավարության որոշմամբ՝ հաստատվել են ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը

Հաստատվել են ՀՀ-ում 2018/2019 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը: Արցախի Հանրապետությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի և ՀՀ զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը: Ըստ այդմ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է հատկացնել օրդինատուրայի համար 95 տեղ, որից 17-ը՝ Արցախի Հանրապետությանը, 18-ը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, 49-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 11-ը՝ ՀՀ պաաշտպանության նախարարությանը և 28 տեղ՝ ինտերնատուրայի համար:

Գործադիրի որոշմամբ «Հ. Գյուլիքեխվյանի անվան Հ. 103 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը կվերակազմակերպվի «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի: Հիմնավորման համաձայն՝ կարգավիճակի փոփոխությունը կնպաստի դպրոցի կառավարման արդյունավետության բարձրացմանը, չինարենի խորացված ուսուցմանը ծրագրերի իրականացման համար տարբեր աղբյուրներից, այդ թվում նաև Սփյուռքից ներդրումների ապահովմանը: Արդյունքում՝ հիմնադրամի կարգավիճակ ստացած դպրոցը կդառնա տեխնիկապես հագեցած չինական թեքումով հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանցի առաջին օղակը և չինական ուսուցմամբ դպրոցների ուսումնամեթոդական կենտրոնը, ուր վերապատրաստումներ կանցնեն չինարենի ուսուցման ուսուցիչները: Դպրոցի սովորողները և շրջանավարտները խորությամբ կտիրապետեն հայոց և չինարեն լեզուներին, կծանոթանան Հայաստանի և Չինաստանի մշակույթին, աշխարհագրությանը: Նրանք հանգամանորեն կուսումնասիրեն հայ և չինական մշակույթի և քաղաքակրթության նվաճումները: Դպրոցում մշտապես կգործի ամառային դպրոց, որտեղ Չինաստանի, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երեխաների մասնակցությամբ կանցկացվեն օլիմպիադաներ, հետազոտական աշխատանքներ, արշավներ և այլ միջոցառումներ:

Share