Բաժին. Պաշտոնական

Փաշինյան․ մենք պետք է բոլոր միջոցները ձեռնարկենք հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն սահմանելու համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը: Նախատեսվում է մշակել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն, որի համար նախ անհրաժեշտ է կատարել որոշակի ախտորոշիչ ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների արդյունքում մշակվելիք ռազմավարական փաստաթղթում կտրվեն ոլորտի կայուն զարգացման համար խոչընդոտ հանդիսացող՝ բացահայտված խնդիրների լուծման ուղղությունները և բարեփոխումները ապահովելու համար ֆինանսական գնահատականը: Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվեն ռազմավարության մշակման համար անհրաժեշտ ախտորոշիչ ուսումնասիրությունների իրականացման, ինչպես նաև Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման հստակ ժամկետները: Նախատեսվող միջոցառումները իրականացվելու են Համաշխարհային բանկի և դոնոր կազմակերպությունների կողմից տրվող դրամաշնորհների հաշվին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր հանքարդյունաբերությունը մեր երկրի տնտեսական աճի հիմնական լոկոմոտիվն է, և կառավարությունը բազմիցս արձանագրել է՝ տնտեսական աճի այդ մոդելը որևէ կերպ չի կարող ընդունելի համարվել: «Մեր կառավարության կարևոր խնդիրներից է՝ փոխել տնտեսական աճի մոդելը ոչ միայն այն պատճառով, որ խոսքը, տվյալ դեպքում, վերաբերում է մեր ընդերքի վաճառքին: Այդ ընդերքի վաճառքից գեներացվող գումարների արդյունքում ձևավորված տնտեսական աճը ներառող չէ: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիներն այդ տնտեսական աճի ազդեցությունն իրենց վրա չեն զգում: Մյուս կողմից՝ մենք պետք է բոլոր միջոցները ձեռնարկենք հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն սահմանելու, հանքարդյունաբերությունն ավելի որակյալ և պատասխանատու դարձնելու և այնպիսի շահագործման կանոններ հաստատելու համար, որ հանրությունն իսկապես զգա՝ ազգային հարստությունն օգտագործվում է այնպես, որ պետությունն ու հանրությունը ստանում են այնքան օգուտներ, որքան պետք է իրականում ստանան»,- ասել է վարչապետը:

ՀՀ համայնքներից սուբվենցիայի տրամադրման նպատակով ներկայացվող ծրագրային հայտերի ծավալով և գործընթացի արդյունավետ կազմակերպման պահանջով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ներկայումս համայնքներում առկա են բավականին մեծ թվով ծրագրային առաջարկներ, որոնք սահմանված կարգով ներկայացնելու համար անհրաժեշտ է ներառել նախագծանախահաշվային փաստաթղթերը: Ներկայումս նախապատրաստվում են այդ ծրագրերի մշակման և նախագծերի պատվիրման աշխատանքները, ուստի որոշմամբ առաջարկվում է սուբվենցիայի ծրագրային հայտերի ընդունման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը:

Նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ. «Սիրելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման օրն է: 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հետագայում Հայաստանի անկախության, անկախ պետականության հաստատման հիմք հանդիսացավ: Ես մեզ բոլորիս, հայ ժողովրդին շնորհավորում եմ այս պատմական իրադարձության կապակցությամբ և համոզված եմ, որ բոլոր այն երազանքները, որ մենք ունեինք հռչակագրի ընդունման պահին և ունենք այսօր, մենք անսասան գտնվում ենք բոլոր այդ երազանքների իրագործման ճանապարհին, և որևէ կասկած չկա, որ Հայաստանի Հանրապետությունը լինելու է հզոր, ազատ և երջանիկ»:

Share