Բաժին. Պաշտոնական

Ուսուցիչը բարձր կոչում է, որ տալիս է ժողովուրդը․ նախագահն այցելեց Dasaran կրթական կենտրոն

Ս․ թ․ սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն այցելեց Dasaran կրթական կենտրոն։ Այցելության շրջանակում կազմակերպվեց ճանաչողական շրջայց, որի ընթացքում Նախագահը ծանոթացավ  կրթական կենտրոնին և աշխատանքային թիմի հետ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Dasaran կրթական համալիրի մամուլի ծառայությունից։

Նախագահը  նաև ներկա գտնվեց արդիական կրթաձևերի, ներառական կրթության և ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի վերաբերյալ աշխատանքային սեմինարին՝ նախատեսված հանրակրթական դպրոցներում դասավանդող մանկավարժների համար:

Նախագահ Արմեն Սարգսյանը մանկավարժների հետ զրուցեց կրթության ոլորտի հիմնահարցերի, էլեկտրոնային համակարգի, ինչպես նաև կրթությունը հավասարապես բոլորին հասանելի դարձնելու կարևորության մասին: Հանդիպման ընթացքում մանկավարժները հնարավորություն ստացան Նախագահին հղելու իրենց հուզող հարցերը՝ ստանալով սպառիչ պատասխաններ:

-Ուսուցիչը բարձր կոչում է, որ տալիս է ժողովուրդը,-նշեց Նախագահ Արմեն Սարգսյանը՝ կարևորելով ուսուցչի դերն և առաքելությունը:

Մանկավարժների հետ հանդիպումից հետո Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա գտնվեց նաև Dasaran կրթական կենտրոնում աշակերտների համար անցկացվող «Առաջին բուժօգնություն» հատուկ դասին, որը միտված է աշակերտների շրջանում արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքաձևերի մասին իրազեկվածության բարձրացմանը։

-Երազանքը դա հետազոտելու, ճշմարտությունը գտնելու լավագույն ճանապարհներից մեկն է, առանց երազանքի չգիտես՝ ուր գնաս, – երեխաների հետ անմիջական զրույցում նշեց Նախագահը՝ պատասխանելով նաև դպրոցականների ամենատարբեր հարցերին:

Այնուհետև կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը ներկայացրեց Dasaran-ի կողմից մշակված կրթական հարթակը, դպրոցների առցանց կառավարման համակարգը: Մասնավորապես Նախագահին ներկայացվեց Dasaran-ի կողմից մշակված իր տեսակի մեջ եզակի E-stat առցանց վիճակագրական-վերլուծական գործիքը, որը հնարավորություն է տալիս ընդգրկուն կերպով դիտարկելու հանրակրթական համակարգի բոլոր շերտերը և վերլուծելու դպրոցների արդյունավետությունը, աշակերտների կատարողականը, ինչպես նաև ժողովրդագրական տվյալների դինամիկան:

Share