Բաժին. Պաշտոնական

ԲԷՑ-ում հայտնաբերված չարաշահումների արդյունքում 140 մլն դրամ կվերադարձվի պետբյուջե

ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ներկայացրեց Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցերում իրականացված վերահսկողության արդյունքները:

 «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նա հայտնեց, որ նախնական գնահատականներով ԲԷՑ-ում հանցակազմ պարունակող իրավիճակներ են եղել: «Առաջիկայում Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերից 140 միլիոն դրամ գումար կվերադարձնեն պետբյուջե»,- ընդգծեց Սանասարյանը։

Նա հավելեց, որ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ի տնօրենը ևս պատրաստակամություն է հայտնել 100 միլիոն դրամ գումար վերադարձնել պետբյուջե: «Հենց այնպես թվեր չեմ ասում, տնօրեններն իրենք են եկել և պատրաստակամություն հայտնել այդ գումարները վերադարձնել»,- ընդգծեց Սանասարյանը։

Նա շեշտեց, որ իրենց խնդիրը ոչ թե բյուջե գումար բերելն է, այլ տեղեկությունների հիման վրա ուսումնասիրություններ անցկացնելը: «Ամենաանմխիթար վիճակներից մեկն Ագրարային համալսարանում է։ Ես հիմա թվեր չեմ ասելու, բայց կասեմ, որ բազմաթիվ են խախտումները գնումների, աշխատավարձերի տեսքով, չգիտեմ՝ ում և ինչի հիման վրա են աշխատավարձ տվել», – նշեց Դավիթ Սանասարյանը։

Share