Բաժին. Պաշտոնական

Դավիթ Սանասարյան․ Ագրարային համալսարանում խորացված ուսումնասիրություն է ընթանում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տարիներ շարունակ պետական միջոցներ են վատնվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Ամենաանմխիթար վիճակներից մեկն Ագրարային համալսարանում է: Բազմաթիվ են խախտումները գնումների ու աշխատավարձերի տեսքով: Այս պահին խորացված ուսումնասիրություն է ընթանում ՀԱԱՀ-ում: Տարիներ շարունակ պետական միջոցները վատնվել են: Արդեն ունենք որոշակի արդյունքներ, բայց չեմ շտապի մանրամասնել: Ուսումնասիրման ավարտից հետո դրանց մասին կտեղեկացնենք»,- ասաց Սանասարյանը:

ՀՀ ՊՎԾ պետի խոսքով` ուսումնասիրությունները շարունակվելու են նաև Երևանի պետական համալսարանում: Դրանք կանգ էին առել ուսումնական տարվա ավարտի պատճառով:

«ԵՊՀ-ում սկսեցինք ուսումնասիրությունները, բայց, քանի որ, արձակուրդում էին համալսարանի աշխատակիցները, թողեցինք, որ հանգստանան, այլապես  իրենց արձակուրդը պետք է անցկացնեին ԵՊՀ գլխավոր մասնաշենքում: Այժմ վերադարձել են արձակուրդից, մենք բոլոր փաստաթղթերը վերցրել ենք, ուսումնասիրում ենք: Դրանց կանդրադառնանք, երբ վերջացնենք Ագրարային համալսարանում մեր աշխատանքները»,- նշեց ՊՎԾ պետը:

Դավիթ Սանասարյանն ընդգծեց, որ իրենք լինելու են բոլոր բուհերում:

Share