Բաժին. Պաշտոնական

Փաշինյանը՝ Պուտինին․ 150 դոլարով գազ ստանում է ոչ թե ՀՀ-ն, այլ՝ Գազպրոմ Արմենիա ընկերությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը ՌԴ նախագահին ներկայացրել է գազի սակագնի շուրջ ստեղծված իրավիճակը և տեղեկացրել, որ իրականում 150 դոլարով գազ ստանում է ոչ թե ՀՀ-ն, այլ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը․ «Մենք պայմանավորվեցինք, որ համատեղ ուժերով ուսումնասիրենք գնագոյացման ամբողջ մեխանիզմը և նաև դրա հիմքում դրված պայմանագրային բազան»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՌԴ նախագահի համար նորություն էր այն տեղեկատվությունը, որ ԱՊՀ տարածքներում ամենաթանկ գազի գներից մեկը ՀՀ-ում է․ «Նա իմ տված տեղեկատվությունից զարմացավ և ասաց, որ ինքն անձամբ է հրահանգել, որ Հայաստանին էժան գազ մատակարարի և նույնիսկ հիշեց, որ դա արել է Գյումրի կատարած այցից հետո»։

Նիկոլ Փաշինյանը վերջում հավելեց, որ զրույցի արդյունքում ինքն ու Պուտինը որոշում են կայացրել ուսումնասիրել գնագոյացման ամբողջ սխեման և փորձել հասկանալ, թե ինչ շտկումներ կան անելու։

Share