Բաժին. Պաշտոնական

Դավիթ Անանյան․ Վերջին երեք ամիսներին հարկերի հավաքագրման աճի տեմպերը մի փոքր ավելի բարձր են եղել

Հարկային եկամուտների գծով համախառն մուտքերի ամենամեծ աճն ընթացիկ տարվա հունվար-օգոստոսի կտրվածքով արձանագրվել է հուլիսին: Այս մասին տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցին՝ արդյոք 2018-ի 8 ամիսներին գրանցված 16 տոկոսանոց աճի մեջ որքան է կազմում վերջին երեք ամիսների մասնաբաժինը:

«Գերակատարման ամենամեծ ցուցանիշը գրանցվել է հուլիսին: Ես չեմ ուզի առանձնացնել մայիսից այս կողմ հավաքագրումները, սովորաբար, ֆինանսիստները ցանկացած թվային տեղեկատվություն ներկայացնում են հունվարի 1-ից մինչև տվյալ ժամանակաշրջանի ավարտը կամ նախորդ համադրելի ժամանակաշրջանի համեմատ: Մենք ապրիլին էլ ենք ունեցել մեծ հավաքագրումներ: Չեմ ուզում այնպիսի տպավորություն ստեղծվի, որ մենք մայիսից սկսած ենք լավ ցուցանիշներ արձանագրել: Մենք նաև լավ ժառանգություն ենք ունեցել: Օրինակ, մարտ-ապրիլին ևս հավաքագրման լավ տեմպեր են եղել»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը:

Այնուամենայնիվ, Դավիթ Անանյանը նկատեց, որ իր պաշտոնավարման ընթացքում՝ վերջին երեք ամիսներին, հարկերի հավաքագրման աճի տեմպերը մի փոքր ավելի բարձր են եղել: «14 տոկոս եղել է ապրիլին, մեզ մոտ՝15.3 տոկոս: Եթե դուք ուզում էիք, որ ես ասեմ նաև հեղափոխություն ենք արել այս գործում, ես ձեզ պետք է մի փոքր հիասթափեցնեմ: Մարդիկ աշխատել են նաև մեզանից առաջ»,-ասաց Դավիթ Անանյանը:

Ընթացիկ տարվա առաջին ութ ամսում պետեկամուտների կոմիտեի կողմից հավաքագրվել է 880.1 միլիարդ դրամ հարկային եկամուտ, որից 670.7 միլիարդ դրամը՝ հարկային մարմինների կողմից, իսկ 209.4 միլիարդը՝ մաքսային մարմինների: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 15.9 տոկոս:

Share