Բաժին. Պաշտոնական

Փաշինյան․ Գործադիրի նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Կառավարության ղեկավարն այցի երկրորդ օրը սկսել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) անդամների հետ հանդիպումով: Կազմակերպությունը միավորում է Ֆրանսիայի շուրջ 7200 ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում և օժանդակում վերջիններիս դուրս գալ արտասահմանյան շուկաներ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Անդրադառնալով կառավարության տնտեսական տեսլականին` Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գործադիրի նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի: «Եվ սա ընդամենը ամբիցիա չէ, որովհետև նրանք, ովքեր գիտեն Հայաստանը, գիտեն, որ այդպիսի կառուցվածք ունեցող տնտեսության համար մեծ մարդկային ռեսուրս կա և դրա նախադրյալները ստեղծված են: Վերջերս հրապարակված Գլոբալ ինովացիոն զեկույցում այս հանգամանքը հստակ ընդգծված է: Հայաստանն ինովացիաների մակարդակով այսօր գտնվում է ցածր տեղում, իսկ մարդկային ինովացիոն ընդունակությունների առումով շատ բարձր տեղում է: ՏՏ ոլորտը Հայաստանում դինամիկ զարգանում է. արդեն իսկ տարբեր ընկերություններ հետաքրքրություն ունեն գործունեություն ծավալելու մեր երկրում բարձր տեխնոլոգիական արտադրանքի ոլորտում: Մենք բոլոր ներդրողներին հրավիրում ենք մասնակցելու այն թռիչքին, որին պատրաստվում է Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է վարչապետը` երաշխավորելով, որ ՀՀ կառավարությունը հակված է բոլոր խնդիրները լուծել բաց, անկեղծ, ազնիվ երկխոսության պայմաններում, որովհետև Հայաստանում տնտեսական ցանկացած գործունեության հաջողությունը Հայաստանի կառավարության, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հաջողությունն է: «Ուզում եմ հավաստիացնել, որ հարաբերությունների այն ձևը, որ կունենա որևէ ներդրող ՀՀ կառավարության հետ, երկխոսությունն է, ազնվությունը և օրինականությունը: Հայաստանի կառավարությունում տնտեսական գործունեությամբ զբաղվողները մրցակիցներ չեն ունենա, որովհետև ՀՀ-ում նրանք, ովքեր զբաղվում են բիզնեսով, պետք է քաղաքականությամբ չզբաղվեն, իսկ նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, պետք է բիզնեսով չզբաղվեն: Հայաստանի կառավարությունն ի վիճակի է կարճ ժամանակաշրջանում այս պայմանն ապահովել, որովհետև ունի հայ ժողովրդի լիարժեք վստահությունը: Մենք այդ վստահությունը որևէ գումարի և որևէ նյութական արժեքի հետ չենք փոխի, որովհետև ընդհանրապես աշխարհում չկա այնքան փող և ոսկի, որ համարժեք լինի այն արժեքին, որ ստեղծվել է մեր հեղափոխության արդյունքում: Այս իրավիճակը մեծ հնարավորություն է բոլորիս համար, և համոզված եմ, որ այն չի արժեզրկվի, չի մսխվի և չի կորսվի: Եվ ուրեմն բոլորիդ հրավիրում եմ մեծ երկխոսության մեծ ապագայի մասին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը պատասխանել է MEDEF-ի անդամների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են տարածաշրջանային տնտեսական իրավիճակին, առկա ենթակառուցվածքներին, մեր երկրում էներգետիկայի, ճանապարհաշինության, սննդի արդյունաբերության, դեղագործության, աղբի վերամշակման և այլ ոլորտներում գործունեություն ծավալելու հնարավորություններին և հեռանկարներին

Share