Բաժին. Պաշտոնական

Վանաձորում շահագործման է հանձնվել տարածաշրջանի դեռևս միակ կարկտապաշտպան ցանցերի արտադրամասը

Վանաձորում այսօր շահագործման է հանձնվել տարածաշրջանի դեռևս միակ կարկտապաշտպան ցանցերի արտադրամասը։ Պաշտոնական արարողությանը մասնակցել են նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Արտադրամասը կառուցել է «ՎԱԲԱ» ընկերությունը իտալական CARMAC S.R.L.-ի հետ համատեղ գյուղատնտեսական նշանակության կարկտապաշտպան ցանցերի և դրանց ներդրման ողջ համակարգի արտադրության ներդրումային ծրագրի շրջանակում։ Սա նորարարական արտադրություն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Եվրոպական բարձր չափանիշներին համապատասխանող արտադրամասը կառուցվել է բացառապես իտալական սարքավորումներով:

Ողջունելով նախաձեռնությունը՝ Արտակ Քամալյանը նշել է, որ նախարարությունը խրախուսում է նորագույն տեխնոլոգիաների ներդրումը գյուղատնտեսության մեջ, և այս առումով` տեղում կարկտապաշտպան ցանցերի արտադրությունը հնարավորություն կտա խթանելու դրանց կիրառումը՝ ապահովելով բերքի երաշխավորված պաշտպանություն բնական աղետներից։ Նա նաև ընդգծել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակում խաղողի և պտղատու այգիների կարկտապաշտպան ցանցերի ձեռք բերման համար տնտեսվարողներին, պետական սուբսիդավորման արդյունքում, տրամադրվում են 2% տոկոսադրույքով, 7 տարի մարման ժամկետով վարկեր։ Արտակ Քամալյանն ընդգծել է նաեւ, որ Հայաստանում նոր ժամանակակից գործարանի բացումը ենթադրում է նոր աշխատատեղներ, իսկ դա երկրի տնտեսական աճի ցուցանիշներից է։

Կարկտապաշտպան ցանցերը որակյալ բերքի ստացման կայուն երաշխիք են և գրեթե 100%-ով պաշտպանում են այգիները կարկտահարության բացասական ազդեցություններից, ինչպես նաև քամիներից, թռչունների և խոշոր միջատների վնասներից ծաղկման շրջանում:

Share