Բաժին. Պաշտոնական

Երևանում նախատեսվում է ուսումնասիրել էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցությունը մարդկանց առողջության վրա

Երևանի պետական համալսարանում սեպտեմբերի 17-ին մեկնարկել է  «Էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցությունը մարդկանց առողջության վրա և դրա ընկալման ու հանրայնացման խնդիրը» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի պետական համալսարանի մամուլի ծառայությունից,  վերոնշյալ գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ ֆիզիկայի և սոցիոլոգիայի ֆակուլտետների համատեղ ջանքերով: Գիտաժողովին ներկա էին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը, Ֆիզիկայի  ֆակուլտետի  ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի դոցենտ, Ֆիզիկական էկոլոգիայի միջազգային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ Համլետ Բադալյանը, ԵՊՀ տարբեր ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

Գիտաժողովին տարբեր զեկուցումներով հանդես են գալու Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Եվրամիության տարբեր երկրներից, Անգլիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից հրավիրված գիտնականներ:

Կազմակերպիչներից Համլետ Բադալյանը գիտաժողովի բացման ելույթում նշել է, որ «Էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցությունը մարդկանց առողջության վրա և դրա ընկալման ու հանրայնացման խնդիրը» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովի նպատակն է ներկայացնել ոչ իոնիզացնող ճառագայթման ազդեցությունը մարդկանց առողջության վրա, դրա վտանգավորության ընկալումը, ինչպես նաև դրա մասին բնակչության իրազեկման կարևորության խնդիրը:

«Այս գիտաժողովի հիմնական խնդիրներից են ոչ իոնիզացնող ճառագայթների վնասակար ազդեցության մեխանիզմների բացահայտումը, ինչպես նաև քննարկման արդյունքում առաջարկներ ներկայացնել այդ ճառագայթների վնասակար ազդեցություններից պաշտպանվելու կամ ազդեցությունը մեղմելու ուղղությամբ»,- հավելել է նա:

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, կարևորելով երկօրյա միջազգային գիտաժողովի անցկացումը, նշել է, որ  այսօր կարևոր ու հրատապ է հասարակությանն իրազեկել էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության խնդիրների վերաբերյալ: «Հայաստանում այսպիսի թեմայով առաջին անգամ է միջազգային գիտաժողով կազմակերպվում, որի նպատակն է բարձրացնել էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության սոցիալական ընկալումների ու հիմնախնդիրների կարևորության հարցը»,- ասել է նա:

Նրա խոսքով, այսօր անհրաժեշտ է նաև սոցիոլոգիական ուսումնասիրություն իրականացնել՝ պարզելու, թե ինչքանով է մեր հասարակությունը պատրաստ գիտակցելու էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության խնդիրները և դիմակայելու դրանց ռիսկերին:

«Հայաստանում վերոնշյալ հիմնախնդիրները խորապես չեն ուսումնասիրվել, մինչդեռ խնդիրները սոցիալական տեսանկյունից շատ կարևոր են: Էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության խնդիրը գնալով ավելի հրատապ է դառնում, քանի որ ժամանակակից սարքավորումները շատանում են, իսկ դրանց էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցությունը մարդկանց վրա նույնպես ավելանում է»,- ասել է Արթուր Մկրտիչյանը և հավելեց, որ գիտաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվելու այն եղանակներին, որոնք կօգնենք նվազեցնել էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության բացասական ռիսկերը:

«Կանդրադառնանք նաև այն խնդիրն, թե ինչքանով է մեր հասարակությունը գիտակցում էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության վտանգների մասին, ինչքանով է մեր հասարակությունը պատրաստ վերոնշյալ վտանգները և ռիսկերը հաղթահարելու:  Կարծում եմ, որ դեռևս բավականին աշխատանք կա հասարակությանը էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության ռիսկերի մասին իրազեկելու և համապատասխան հասարակական կարծիք ձևավորելու համար»,- ասել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանը:

Համլետ Բադալյանը նաև հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է ներկայացնել մի ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է քարտեզագրել, չափագրել Երևան քաղաքում բջջային ալեհավաքների ազդեցության ոլորտները, ինչպես նաև առաջարկել դրանց մշտադիտարկման վերաբերյալ մեթոդաբանություն:

Share