Բաժին. Պաշտոնական

Նախագահի նստավայրում են հյուրընկալվել ԵՊՀ մի խումբ ուսանողներ

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողներ: Դեռ մինչև Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելը ԵՊՀ-ում ունեցած հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում հանդիպել նրանց հետ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

 Այսօրվա հանդիպմանն ուսանողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել նախագահին, ներկայացնել իրենց առաջարկությունները և մտահոգությունները: Նրանց մասնավորապես հետաքրքրել են շնորհալի երիտասարդներին կրթաթոշակների տրամադրման մեխանիզմներին, կրթություն ստանալուց հետո մարզերից եկած երիտասարդների համար իրենց բնակավայրերում աշխատելու հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև գիտական հարթակների ձևավորմանը, կրթական համակարգին և գիտության զարգացմանը վերաբերող հարցեր:

 Նախագահ Սարգսյանը շատ էական է համարել, որպեսզի ուսանողները կարողանան գտնել այն մասնագիտությունը, այն ուղղությունը, որտեղ իրենք կարող են լինել լավագույնը: Խոսելով կրթական համակարգի դերի մասին՝ նա մասնավորապես նշել է, որ համակարգն առաջին հերթին պետք է ծառայի երիտասարդների կարողությունների բացահայտմանը և օգնի նրանց ճիշտ ճանապարհ ընտրել:

 Նախագահը խոսել է նաև մշակութային ժառանգության, ազգային արժեքների պահպանության ու ազգային ինքնությանը վերաբերող հարցերի մասին, դրանց վերաբերյալ լսել երիտասարդների մոտեցումները:

Share