Բաժին. Պաշտոնական

Շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին

«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի» շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 8-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը Երևանում» թեմային: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Գեղաթերթիկի մարումն իրականացրին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը:

Նամականիշը ներառում է մի հատված գեղաթերթիկի վրա պատկերված  ֆրանսահայ ականավոր նկարիչ Ժան Գառզուի (Գառնիկ Զուլումյան) «Բեռնամբարձիչ նավեր» (1983թ.) և մեծանուն հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» (1923թ.) կտավներից: Գեղաթերթիկի վրա նաև պատկերված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի լոգոտիպը և «Ապրել միասին» կարգախոսը՝ հայերեն և ֆրանսերեն:

Մեկ նամականիշով գեղաթերթիկն ունի 870 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 12.000 տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայներներն են Վահագն Մկրտչյանը և Աննա Բաղդասարյանը:

Share