Բաժին. Պաշտոնական

Նախագահը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես խոստացել էր, Հայաստան վերադառնալուն պես խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության եւ Ազգային ժողովի ղեկավարության հետ:

Այդ շրջանակում Հանրապետության նախագահն այսօր իր նստավայրում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները՝ այդ համատեքստում կարեւորելով երկրում կայունության պահպանումն ու հանդուրժողականության մթնոլորտը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է անցած օրերի բանակցային գործընթացը եւ  շեշտել, որ իրավիճակի հանգուցալուծման եւ առկա խնդիրների լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է:

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ հասարակությունն ու քաղաքական ուժերը կշարունակեն խոհեմություն ու սթափություն դրսևորել եւ առաջնորդվել երկրի շահերով, Սահմանադրությամբ ու օրենքներով:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան. «Պայմանավորվել էինք մեր հեռախոսազրույցների, նաև Փարիզում մեր հանդիպման ժամանակ, որ պետք է հանդիպենք: Հանդիպել եմ արդեն նաև պարոն Բաբլոյանի հետ և կուզենայի քննարկենք ներքաղաքական իրավիճակը»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Իսկապես շատ կարևոր է, որ այս իրավիճակը քննարկենք նաև հանրապետության նախագահի հետ: Ըստ էության, հիմա կարող եմ ասել, որ վերջին օրերին մի քանի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք կարծես թե տանում են դեպի հանգուցալուծում: Մասնավորապես, երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հուշագիր ստորագրեցինք՝ դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, և ևս 16 պատգամավոր գրավոր հայտարարությամբ պաշտպանել են այդ նախաձեռնությունը: Կարծում եմ, որ, ըստ էության, պրոցեսը գնում է լարվածությունը թոթափելու ճանապարհով, ինչը դրական է»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան. «Ես նույնպես շատ ուրախ եմ, որ սկզբունքորեն, ինչպես նախկինում նշել էի, պրոցեսը տեղի ունենա երկխոսության և հանդուրժողականության մթնոլորտում: Ուրախ եմ լսել, որ վերջին 1-2 օրվա ընթացքում բանակցությունների, երկխոսության ճանապարհով որոշակի արդյունքներ են ձեռք բերվել, և որ հավանաբար հանգուցալուծումը հեռու չէ: Շատ կարևոր է, որ այդ հանգուցալուծումը տեղի ունենա»:

Share