Բաժին. Պաշտոնական

Հակոբ Արշակյանն ու ՀՄՄ գլխավոր քարտուղարը հյուրընկալվել են Ինժեներական քաղաքում

ՀՀ վարչապետի հրավերով  Հայաստան ժամանած Միջազգային հեռահաղորդակցական միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Հոուլին Ժաոն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ այցելել է Երևանի Ջրվեժ թաղամասում կառուցվող Ինժեներական քաղաք։ Այստեղ հյուրերը եղել են Ինժեներական քաղաքի առաջին բնակիչների` «National Instruments (NI) Armenia»-ի գրասենյակում։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարարն ու միության գլխավոր քարտուղարը շրջել են գրասենյակի տարածքով, ծանոթացել պայմաններին։ Նրանց ուղեկցող «NI Armenia»-ի գործադիր տնօրեն Արսեն  Առուստամյանն ու ընկերության ինժեներ Հրայր Հովսեփյանը ցուցադրել են մինչև այժմ ընկերության կողմից իրականացված խոշոր նախագծերը։

Ընկերության տնօրենը ներկայացրել է, թե ներկայում ինչով են զբաղվում իրենց ինժեներները, ցույց տվել, թե ինչ նախագծեր են իրականացնում հատկապես հեռահաղորդակցության ոլորտում, ինչ պլատֆորմներ են նախագծում ու արտադրում։ Արսեն Առուստամյանը նշել է, որ դրանք համապատասխանեցվում են ՀՄՄ պահանջներին։

Հյուրերին ցուցադրվել է ընկերության մասնագետների մշակած 5G ստանդարտին համապատասխանող համակարգը, «դեմո սենյակի» տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները, լաբորատորիան, որտեղ կատարվում է կիսահաղորդիչների թեստավորումը։

Ընկերությունն իր նորարարական նախագծերն իրականացնելիս համագործակցում է նաև մի շարք համալսարաննների ու դրանց պրոֆեսորների հետ` Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում։

Արսեն Առուստամյանը նշել է, որ գործակցում են նաև ՀՄՄ-ի հետ, անպայմանորեն հետևում են նիստերին, ծանոթանում նորություններին։

Հոուլին Ժաոն ընկերության ներկայացուցիչներին հրավիրել է եկող տարի մասնակցելու Ռադիոհեռահաղորդակցության համաշխարհային համաժողովին (WRC 2019):

Share