Բաժին. Պաշտոնական

Վարդենիս-Սոթք ճանապարհահատվածի հիմնանորոգումը շարունակվում է

Մարտունի-Վարդենիս-ԼՂՀ սահման միջպետական ավտոճանապարհի (Մ-11)  Վարդենիս-Սոթք (38-43-րդ կմ) հատվածում սեպտեմբերի 11-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է շինարարական տեղամաս, տեղում  ուսումնասիրել  կատարվող աշխատանքները։

Ճանապարհահատվածը հիմնանորոգող  «Կապավոր» ընկերության պատասխանատուները ներկայացրել են աշխատանքների ընթացքը։ Նշվել է, որ  արդեն իսկ կատարվել է հիմնանորոգման ընդհանուր ծավալի հողային աշխատանքների 40%-ը, նորոգվել է արհեստական կառուցվածքների 70%-ը, դրան զուգահեռ, գոյություն ունեցող ասֆալտբետոնե  պատվածքի վերաօգտագործման սառը վերամշակման եղանակով  ընթանում  են նաև ասֆալտապատման աշխատանքներ։ Ճանապարհային պատվածքի ներքին շերտի 68% և վերին շերտի 40% ասֆալտապատումն արդեն կատարված է։

Գոռ Ավետիսյանը կապալառու ընկերության պատասխանատուների հետ քննարկել  է շինարարության ընթացքի, ժամկետների  հետ կապված մի շարք հարցեր։

Հանձնարարվել է  առավելագույն ուշադրություն դարձնել հատկապես իրականացվող աշխատանքների որակին։

5 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը, ըստ պայմանագրի,  նախատեսված է ավարտել դեկտեմբերի 10-ին։ Սակայն շինարարները փաստում են, որ նոր տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն կտա այն ավարտել ժամկետից շուտ՝ ավահովելով շինարարության բարձր որակը։

Share