Պաշտոնական | 13:17 19/10/18

Նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Հակոբ Արշակյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ունեցած մեծ ներուժը, անդրադարձել պետություն-մասնավոր հատված համագործակցության ծրագրի շրջանակներում ստարտափներին աջակցելու փորձին, ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, ճանապարհաշինության, տրանսպորտի ոլորտներում, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ գործակցության հնարավորությունները։

Դեսպան Յոհաննես Դաուման նշել է, որ իր լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ աշխատանքներ կտանի Հայաստանի և Նիդերլանդների միջև կապերն առավել ամրապնդելու և զարգացնելու համար։