Բաժին. Պաշտոնական

Սփյուռքահայ գործարարներին կներկայացվեն Հայաստանում սթարթափ հիմնելու հնարավորությունները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

«Բիզնես 24»-ը ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացավ, որ Սփյուռքի երիտասարդների «Ներուժ» սթարթափ ծրագրի իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ սփյուռքի նախարարությանը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում տնտեսական զարգացմանը հայկական տնտեսական ներուժի ներգրավման միջոցով, աջակցել  ներդրումների իրականացմանը: «Ներուժ» ծրագրի խնդիրն է բոլոր սփյուռքահայ ձեռներեցներին Հայաստանը որպես բիզնես միջավայր ներկայացնելը: Նախատեսվում է տարեկան մինչև 100 սփյուռքահայ գործարարներին ներկայացնել հանրապետությունում ներդրումային միջավայրը, սթարթափ հիմնելու հնարավորությունները: Ծրագրի շրջանակում ձեռներեցների հետ 5 օրվա ընթացքում բիզնես մենթորներն ու մարզիչներն անցկացնելու են բազմաֆորմատ դասընթացներ, սեմինարներ և պրեզենտացիաներ։ Միջոցառման վերջին օրը ձեռներեցները կներկայացնեն իրենց սթարթափ գաղափարները ժյուրիին և կարժանան մրցանակների։ Մինչև 10 լավագույն բիզնես ծրագրերը կֆինանսավորվեն մինչև 15 մլն դրամով և Հայաստանում կսկսեն իրենց գործունեությունը։ Միևնույն ժամանակ ծրագրի իրականացումը կնպաստի հայրենադարձության խթանմանը:

Share