Բաժին. Պաշտոնական

Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԲ «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրի մշակման ընթացքը: Ծրագրի նպատակները հիմնվում են ՀՀ կառավարության՝ կառավարումը բարելավելու, տնտեսական մրցակցությունը խթանելու, ներառականությունն ամրապնդելու և շրջակա միջավայրի ռիսկերը նվազեցնելու առաջնահերթությունների վրա:

Համաշխարհային բանկի պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել ծրագրի շրջանակներում աջակցել Հայաստանում հարկաբյուջետային կայունությանը, ֆինանսական հատվածի և տնային տնտեսությունների դիմակայունության հզորացմանը, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխությանը դիմակայունության ուժեղացմանը, ինչպես նաև ավելի մեծ մրցակցություն և շուկա անարգել մուտքի ու ելքի հնարավորությանն ուղղված բարեփոխումներին: Նվեց նաև, որ ծրագրերի իրականացմանը օժանդակելու և աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Ֆրանսիայի զարգացման գործակալությունը:

Փոխվարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է կառավարության կողմից մշակված հարկային բարեփոխումների հիմնական սկզբունքները: Ի թիվս այլ բարեփոխումների՝ նա կարևորել է մարդկային կապիտալի զարգացումն ու պետական կառավարման ոլորտի արդյունավետության բարձրացումը: Մհեր Գրիգորյանը նշել է, որ կառավարությունը հետևողական է լինելու պետական գործառույթների բարելավումն ու արդիականացումն իրականացնելու գործընթացում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև թվայնացման արդյունավետ իրականացման մեխանիզմների շուրջ:

Share