Բաժին. Պաշտոնական

Միկրոբիզնեսները Հայաստանում ազատված կլինեն հարկերից

Միկրոբիզնեսները Հայաստանում ազատված կլինեն հարկերից: Այդ բիզնեսում մինչ երեք աշխատող ունենալու դեպքում կգործի նաև եկամտահարկի այլ, թեթև ռեժիմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված իր ելույթում:

«Բյուջեի համատեքստում աշխատանքի խրախուսման կարևորագույն խնդիր է սահմանել «միկրոբիզնես» նոր հասկացություն: Դա ազատված կլինի բոլոր հարկերից: Այն մարդիկ, ովքեր իրենց գործունեությունը կծավալեն 20-24 մլն դրամի սահմաններում, չեն վճարի հարկ: Իհարկե, կլինեն որոշակի սահմանափակումներ` կախված ոլորտներից: Կլինի նաև գոտիականության խնդիր: Այս քաղաքականությամբ կփորձենք հատկապես մարզերում խրախուսել տնտեսական գործունեությունը»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ իրենք միկրոբիզնեսով զբաղվող և խնդիրներ ունեցող մարդկանց  ընտրություններից առաջ ընտրակաշառք բաժանելու փոխարեն այլ ճանապարհ են ընտրել: «Բացում ենք հնարավորությունները, որ դուք ինքներդ արժանապատիվ աշխատանքի միջոցով կարողանաք վաստակել ձեր ընտանիքի հացն ու բարեկեցությունը»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա շատ կարևորեց, որ միկրոբիզնեսում մինչ երեք աշխատող ունենալու պարագայում գործելու է նաև եկամտահարկի բոլորովին այլ ռեժիմ: Նրանք կհարկվեն ոչ թե  աշխատավարձի 23 տոկոսի չափով, այլ ուղղակի 5000 դրամի հաստատագրված վճարով կարող են լուծել եկամտահարկի խնդիրը: Փաշինյանի կարծիքով` սա թույլ կտա ունենալ ավելի շահավետ պայմաններ:

Share