Բաժին. Պաշտոնական

Նիկոլ Փաշինյան․ վերացվրել և վերացվում են արտագաղթին նպաստող մի շարք գործոններ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ վերացրել և վերացնում են արտագաղթին նպաստող մի շարք գործոններ: Խնդիր են դրել բարձրացնել երկրի գրավչությունը, Հայաստանը պետք է դառնա ապրելու լավագույն տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկմանը:

Պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը նշեց, որ որոշ գյուղերում արտագաղթը մեծ է, երիտասարդներ գրեթե չկան: «Ինչպես ենք խրախուսելու երիտասարդների վերադարձը, եթե հայրենադարձության հայեցակարգ չկա»,-հետաքրքրվեց պատգամավորը:

Փաշինյանը նշեց, որ կար գաղափար` որոշակի արտոնություններ սահմանել այն մարդկանց համար, ովքեր վերադառնում են Հայաստան: «Սակայն ինչ անենք այն մարդկանց հետ, ովքեր ճամպրուկները կապել են և ուզում են գնալ երկրից: Մեր խնդիրը պետք է լինի երկրի գրավչության բարձրացումը: Մենք երկար ժամանակ առաջնորդվել ենք այն կանխավարկածով, որ միայն սոցիալական խնդիրը չէ պատճառը, որ մարդիկ արտագաղթում են: Այստեղ կա արդարության, օրինականության, հնարավորությունների, արժանապատվության խնդիր: Մենք այսօր երաշխավորում ենք, որ որևէ մեկը որևէ մեկին չի կարող ապօրինի կերպով ինչ-որ բան ասել: Հայաստանում մենք հաշվարկել ենք, թե արտագաղթին ինչքան են նպաստում տարբեր ճնշումների մեխանիզմները, թաղային հեղինակությունները, իրավապահ համակարգի ապօրինությունները, տնտեսական գործունեության սահմանափակումները, արտոնությունները: Մենք այդ ամեն ինչը վերացրել ենք և վերացնում ենք»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե ներգաղթի կոնցեպտն այն է, որ Հայաստանը պետք է դառնա լավագույն տեղն ապրելու համար: Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ այսօր արդեն խթանում են հայրենադարձությունը: «Անշարժ գույքի շուկայում գներն աճում են, քանի որ արտերկրում ապրող շատ հայրենակիցներ գալիս են և անշարժ գույք են ձեռք բերում, ներդրումներ են անում: Այս ամենը լինելու է ներգաղթի լավ պատճառ»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով` իրենց կուսակցությունը հիմնադրման օրից ծրագրային փաստաթղթում արձանագրել է, որ առաջիկա քսան տարվա ընթացքում Հայաստանի բնակչության թիվը պետք է կրկնապատկվի: «Այդ քաղաքական ուղեգիծը մեզ համար գաղափարական նշանակություն ունի: Բայց մենք դա չենք պատկերացնում տեխնիկական գործողությունների արդյունքում: Մենք հավատում ենք, որ դա երկրի բովանդակային բարեփոխումների արդյունք պետք է լինի»,-եզրափակեց Փաշինյանը:

Share