Բաժին. Պաշտոնական

Միքայել Մելքումյան․ Տեխնոլոգիական սարքավորումների հարկերից ազատման, խրախուսման միջոցով ինչ-որ ոլորտներում պետք է աճ ապահովենք

Հայաստանում աշխատանքի արտադրողականության ավելացումը պետք է արվի տեխնոլոգիաների և կառավարման արդյունավետության բարձրացման միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում պետական բյուջեի նախագծի քննարկմանը:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ աշխատանքի արտադրողականության առաջանցիկ աճ է պետք: «Աշխատանքի արտադրողականությունը պետք է բարձր լինի, քան աշխատավարձը: Գյուղատնտեսության ոլորտում 550 դոլար ամսական արտադրողականություն ունենք, իսկ արդյունաբերության ոլորտում` 2000 դոլար, այսինքն՝ օրը մոտ հարյուր դոլար: Հիմա մենք տեխնոլոգիական սարքավորումների հարկերից ազատման, խրախուսման միջոցով ինչ-որ ոլորտներում պետք է աճ ապահովենք»,-նկատեց Մելքումյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ արտադրողականության ավելացումը տեխնոլոգիաների և կառավարման արդյունավետության բարձրացման միջոցով պետք է արվի: «Մեր կառավարությունը նախորդ կառավարությունից մի լավ գործիք է ժառանգություն  ստացել: Մենք գերակա ոլորտներում սարքավորումների ներկրումն ազատում ենք մաքսատուրքից և ավելացված արժեքի հարկը հետաձգում ենք երեք տարով: Սա գործիք է, որը նպաստում է աշխատանքի արտադրողականության աճին»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց նաև, որ որոշակի ծրագրերով նպաստելու են ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանը: Դա պետք է անեն ոչ միայն բյուջետային միջոցներով:

Share