Բաժին. Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է. «Ուրախ ենք ողջունելու Ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բերելու մեր օրհնությունն ու բարեմաղթանքները Ձեր հայրենասյուն գործերի հաջողության համար: Գիտենք, անշուշտ, որ Ձեր օրակարգը շատ ծանրաբեռնված է, բայց այս հանդիպումն էլ անհրաժեշտություն է, որպեսզի մեր եկեղեցուն, մեր ազգային կյանքը հուզող մի շարք հարցերի մասին կարողանանք Ձեզ հետ քննարկումներ ունենալ և նաև ստանալ մեր եկեղեցուն հուզող հարցերին առչնվող լուծումներ: Անշուշտ, գիտենք, որ երկրի առջև բազում մարտահրավերներ կան, և կարևոր իրադարձություններ նաև առջևում են՝ Ազգային ժողովի ընտրությունները: Մեր ցանկությունն է և մեր մաղթանքը, որ ընտրությունները խաղաղ ընթացք ունենան, ընթանան համերաշխ մթնոլորտում առանց անցանկալի միջադեպերի, նպաստեն մեր ժողովրդի, մեր երկրի բարի անվան և բարի հեղինակության բարձրացմանը, արդյունքներն էլ նպաստեն մեր երկրի առաջընթացին: Կրկին մեր լավագույն բարեմաղթանքները Ձեզ և բարի գալուստ Սուրբ Էջմիածին»:

Շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին բարեմաղթանքների համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա առաջին հանդիպումը չէ, նախկինում էլ բազմիցս հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և քննարկումներ ունեցել, այդ թվում նաև՝ ապրիլ-մայիս ամիսներին: «Ինձ համար շատ կարևոր են այդ քննարկումները և ընդհանրապես իմ շփումը կամ Հայաստանի վարչապետի շփումը Հայ առաքելական եկեղեցու Հայրապետի հետ: Իհարկե, մեզ համար, մեր ժողովրդի, մեր երկրի համար Հայ առաքելական եկեղեցու արժեքներն ունեն ինքնության համար առանցքային նշանակություն: Այս ընկալումը մեզ միշտ էլ առաջնորդել է և շարունակում է առաջնորդել: Ձեր խոսքում ասացիք, որ ընտրությունները խաղաղ անցնեն: Հետաքրքիր է, որ Հայաստանում այդպիսի ընկալում կա. ընտրություններ և խաղաղություն հասկացությունները, մեզ հայտնի հանգամանքների բերումով, սկսել են որպես հականիշ ընկալվել, բայց ես ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ այլ կերպ լինել ուղղակի չի կարող, և Հայաստանում ընտրությունները միանշանակ կանցնեն խաղաղ: Ընդհանրապես ժամանակն է, որ մենք ընտրություններ և խաղաղություն հասկացությունների խորքում հակադրություններ չնկատենք: Այդպես լինելու է միշտ. մեր ժողովուրդը որոշում է կայացնելու, և ինչ որոշում էլ կայացնի մեր ժողովուրդը, դա դառնալու է քաղաքական իրողություն: Սա է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կարևորագույն իմաստներից մեկը», – ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իր համար միշտ հաճելի է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և վստահաբար դեռ շատ անգամ կլինի. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն առանձնակի նշանակություն ունի մեր ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու յուրաքանչյուր հետևորդի, այդ թվում՝ իմ և իմ ընտանիքի կյանքում: Եվ ընդհանրապես ժամանակ առ ժամանակ պետք է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Սա նաև անցյալի և ապագայի մասին խորհելու, մտածելու ամենահարմար վայրն է»:

«Սուրբ Էջմիածին այցելությամբ՝ Ձեր աղոթքն եք բարձրացնում առ Աստված և զորանում Սուրբ Էջմիածնի օրհնությամբ Ձեր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում իրականացնելու, Ձեր տեսիլքները կյանքի կոչելու առումով», – նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Անդրադառնալով դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություներին՝ նա նշել է, որ առկա է որոշակի վստահություն և լավատեսություն, որ ընտրությունները կանցնեն խաղաղ, հանգիստ, համերաշխ մթնոլորտում, քանի որ այդպիսի ընթացք ունեցան և՛ քաղաքապետի, և՛ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: «Մեր մաղթանքն է և մեր աղոթքը, որպեսզի ընտրությունները տեղի ունենան այդպիսի ընթացքով և նպաստեն ազգային միասնության զորացմանը, մեր ժողովրդի համախումբ ջանքերով մեր երկրի առջև ծառացած խնդիրների, մարտահրավերների լուծմանը», – ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Share