Բաժին. Պաշտոնական

2018 թ 10 ամսում Հայաստան է ներկրվել 45 հազար ավտոմեքենա

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արարատյան մաքսատանը ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների ժամանակ գոյացող հերթերի խնդրին՝ առանձնացնելով դրա առաջացման երեք պատճառ:

«Առաջինը, ՊԵԿ համապատասխան ծառայությունը կարելի է շատ ավելի արդյունավետ կազմակերպել: Այսինքն՝ մենք որոշակի առումով մեր մեղքն ընդունում ենք: Երկրորդ, տեխնիկական առումով նաև այնտեղ ոստիկանությունը  գազի հետ կապված որոշակի հերթեր է գոյացնում, ինչը մաքսային ձևակերպումների որևէ բաղադրիչ չի հանդիսանում: Հետևաբար, նաև հերթերի գոյացման պատճառը ոչ մաքսային մարմնի գործունեություն է: Եվ երրորդ, 2017 թվականի ընթացքում, եթե չեմ սխալվում, մոտ 27 հազար ավտոմեքենա է ներկրվել ՀՀ, այս տարվա 10 ամսվա կտրվածքով՝ արդեն 45 հազար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ՊԵԿ նախագահը: Նրա խոսքով, ավտոմեքենաների հոսքն էլ է բավական շատ:

«Եթե այս երեք պատճառները համադրենք, կունենանք Ձեր հարցի պատասխանը»,- նկատեց Անանյանը:

Նա նաև անդրադարձավ իր հետագա պաշտոնավարման հարցին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ քննարկում դեռևս չի եղել․ «Պարոն վարչապետի հետ իմ պաշտոնավարման շարունակման հարց ոչ եղել է, ոչ էլ քննարկվել է: Բայց դա չի նշանակում, որ ես անփոխարինելի եմ: Ես ուզում եմ կամ չեմ ուզում մնալ, բացարձակ կապ չունի, որովհետև ես իմ մասնագիտությամբ ցանկացած տեղ կարող եմ աշխատել»,- ասաց Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝ վարչապետն է որոշելու՝ ինքը կշարունակի պաշտոնավարել, թե ոչ:
ՊԵԿ-ում կադրային փոփոխությունների մասին հարցին նա պատասխանեց, որ այս հարցում կարևորում է երկու գործոն: «Համակարգում տեղ չի ունենա այն աշխատակիցը, որը նոր արժեք ստեղծելու կարողություն չունի, երկրորդ՝ այն աշխատակիցը, որն իր փորձը երիտասարդ սերնդին փոխանցելու կարողություններ չունի»,- ընդգծեց Անանյանը:

Share