Պաշտոնական | 17:47 16/11/18

Գարեգին Բաղրամյանը ընդունել է «Աքսիոնա» ընկերության ներկայացուցիչներին․ վերջիններդ մտադրություն ունեն կառուցել հողմակայան

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նոյեմբերի 16-ին ընդունել է «Աքսիոնա» ընկերության ներկայացուցիչներին: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Վերջիններս մտադրություն ունեն Հայաստանում ներդրումներ իրականացնել` կառուցելով մինչև 200 ՄՎտ հզորության հողմակայան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում իրականացվելիք բոլոր ծրագրերը, փորձ է արվել գտնել համագործակցության փոխշահավետ եզրեր: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ այժմ իրականացվում են քամու ներուժի չափման աշխատանքներ:

Այս համատեքստում նախարար Բաղրամյանը հավելել է, որ նախարարությունը շահագրգռված է ընկերության հետ համագործակցության հեռանկարով, պատրաստակամ է քննարկել ընկերության գնային առաջարկները։ Փոխշահավետ առաջարկի դեպքում կցուցաբերվի համապատասխան աջակցություն` ներդրումային ծրագրի իրականացման նպատակով: