Բաժին. Պաշտոնական

Արարատ Միրզոյան․ Արտաբյուջեներից պետք է հրաժարվել

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը կառավարության արտահերթ նիստում վստահեցրեց, որ արտաբյուջեներից պետք է հրաժարվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի կողմից արտաբյուջեների հարցը օրակարգ բերվելուն կառավարության անդամները մեծ մասամբ դեմ քվեարկեցին: Արարատ Միրզոյանն ասաց, որ արտաբյուջեների հարցը մշտապես տարբեր գերատեսչությունների շահերի և հետաքրքրությունների կենտրոնում է եղել: «Վստահաբար մենք պիտի գնանք արտաբյուջեների վերացման ճանապարհով: Ափսոս, մինչ այս պահը չափազանց մանրամասն, անհրաժեշտ խորությամբ հարցը չի քննարկվել, և գերատեսչությունները դեռևս ենթադրությամբ գնում են գերատեսչական շահը պաշտպանելու ճանապարհով: Վստահ եմ, որ քննարկումների մի շրջափուլ անցնելուց հետո նորից կանդրադառնանք հարցին և այս անգամ՝ դրական լուծմամբ»,-ասաց նա՝ հավելելով, որ դա բարեփոխումների ճանապարհի մեր կարևորագույն քայլերից մեկն է, և մենք անպայմանորեն գնալու ենք այս ճանապարհով: «Հասկանալի է, կան գերատեսչություններ , որոնք ունեն արտաբյուջեներ, և այդտեղ ֆինանսական հոսքերը չկառավարելն ավելի հեշտ է, և որոշ ընթացակարգերից և սահմանափակումներից զերծ»,-ասաց փոխվարչապետի պաշտոնակատարը՝ որպես օրինակ բերելով ՀՀ ֆինանսների նախարարությանը, որը հրաժարվել է արտաբյուջեներից և դրանից նախարարության կյանքը չի տուժել, միայն ավելի վերահսկելի է դարձել: «Մեր Կառավարությունը և նախարարությունները, Պետեկամուտների կոմիտեն և մնացյալ մարմինները պիտի հստակ հասկանան, արտաբյուջեներով ոչ թափանցիկ, զանազան հոսքերի կառավարում չի լինելու»,-հավելեց նա:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ արտաբյուջեների փակման կողմ կամ դեմ լինելու համար պետք է հասկանալ, թե ինչ խնդիրներ են լուծում արտաբյուջեները: «Հիմա ես միանշանակ կողմ եմ այն տրամաբանությանը, որ արտաբյուջեներ որևէ նախարարություն չպետք է ունենա, բայց քանի դեռ մենք մանրամասնորեն և հանգամանալից չենք քննարկել, թե այս արտաբյուջեներով ինչ ռիսկեր են կառավարվում, ես կարծում եմ, հրատապ բերել հարցը և այս քննարկմանը դնել, նպատակահարմար չէ»,-նշեց նա:

Share