Բաժին. Պաշտոնական

Նիկոլ Փաշինյան․ Տնտեսական ոլորտում կառավարության ամենամեծ հաջողությունը մենաշնորհների վերացումն է

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անցած 6 ամիսների ընթացքում տնտեսական ոլորտում կառավարության ամենամեծ հաջողությունները համարում է մենաշնորհների վերացումը, կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը: Այդ մասին Նիկոլ Փաշինյանն ասաց կառավարությունում հրավիրված ասուլիսում:

«Տեսնում ենք բավականին ակտիվ ներդրումային իրադարձություններ, վիճակագրորեն չեմ կարող ասել, սակայն ակնհայտ է, որ կա հետաքրքրություն: Մեր խնդիրն է՝ այդ հետաքրքրությունները վերածել արդյունքների: Տնտեսական ոլորտում ամենամեծ հաջողությունը համարում եմ մենաշնորհների վերացումը, ինչը Հայաստանի անկախացումից ի վեր համարվել է տնտեսական զարգացման առանցքային խոչընդոտը: Երկրորդ հաջողությունը համարում եմ կոռուպցիայի դեմ պայքարը, որը կրկին տասնյակ տարիներով տնտեսության զարգացման կարևորագույն խոչընդոտներից է: Հաջորդը համարում եմ ստվերի դեմ պայքարը՝ 37 հազար աշխատատեղ ստվերից դուրս է եկել և դրանք հրապարակային դաշտում գործող աշխատատեղեր են: Դրա 90 տոկոսը և գուցե ավելին նախկինում եղած աշխատատեղերն են, սակայն այստեղ էլ կան նոր աշխատատեղեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը տնտեսական ոլորտում ամենամեծ ձախողումը և խնդիրը համարում է հանքարդյունաբերության շուրջ քաղաքականությունը, ինչը, միևնույն է, համարում է, որ բխում է Հայաստանի ազգային շահերից: «Այն որոշակի նեգատիվ ֆոն է ստեղծում ներդրումային միջավայրի համար, սակայն համոզված եմ, որ ներդրումային այդ ֆոնն անպայման կվերականգնվի: Մի շարք խոշոր տնտեսվարողների հետ կապված քննություն է ընթանում և բնականաբար մեր այդ գործողությունները որոշակի անհանգստություններ են առաջացնում: Բայց մենք ինտենսիվ աշխատում ենք մեր արտաքին գործընկերներին ներկայացնել մեր շարժառիթները, որպեսզի ներդրումային այդ զգացողությունը չլինի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: 

Նրա խոսքով՝ խնդիրներ կան «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գործունեության, Հյուսիս-հարավ և այլ նախագծերի հետ կապված: «Այս բոլոր հարցերում ներգրավված են հեղինակավոր ծանրակշիռ կազմակերպություններ, բայց մենք մտադիր ենք հետևողականորեն մեր երկրի շահերը պաշտպանել»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Share