Բաժին. Պաշտոնական

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվածները չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից

2019 թ. հունվարից բարձրացել են կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը, ինչը կանդրադառնա բազմաթիվ ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքի վրա: Մասնավորապես, կենսաթոշակի նվազագույն չափը, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանվել են 25500 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների սոցիալական պաշտպանության բավարար մակարդակ ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ սահմանվում է, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2018 թ. դեկտեմբերի դրությամբ հաշվառված անձի կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 2019 թ. ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի ամբողջական եկամտի կազմում հաշվի կառնվեն 2018 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված չափով: Արդյունքում՝ վերոնշյալ անձիք նպաստների չափերի բարձրացման պատճառով, չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից:

Share