Բաժին. Պաշտոնական

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունները միաձուլելու որոշում է ընդունվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին, որով ՀՀ կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունները միաձուլվում են՝ դառնալով մեկ՝ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից, որոշման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, 21-րդ հոդվածով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունը՝

1) կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունները միաձուլել` ստեղծելով հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.

2) որոշման հավելվածի 25-րդ կետում՝

ա. ուժը կորցրած ճանաչել 14-րդ և 15-րդ ենթակետերը,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին ենթակետով.

«13.1) հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն.»»:

Share