Բաժին. Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է անվանի գիտնական Ռեյմոնդ Դամադյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է հայազգի անվանի գիտնական, գյուտարար և բժիշկ Ռեյմոնդ Դամադյանին, ով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ (MRI) սարքի ստեղծողն է:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է հայտնի գիտնականի այցը հայրենիք և բարձր գնահատել բժշկության ոլորտում հեղափոխական դեր ունեցած նրա գիտական հայտնագործությունը: «Ձեր այցը լավ առիթ է քննարկելու ապագա Հայաստանի մասին մեր պատկերացումները: Մեր կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես տեխնոլոգիապես զարգացած պետություն և Ձեզ նման հայրենակից ունենալը վստահություն է ներշնչում, որ դա իրագործելի խնդիր է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պարոն Դամադյանը հայ ժողովրդի տաղանդի բացառիկ օրինակ է:

Գիտնականը վարչապետին է ներկայացրել իր գործունեությունն ու ծրագրերը,  անդրադարձել նոր սերնդի՝ կատարելագործված MRI սարքի հնարավորություններին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի բժշկական և գիտական շրջանակների հետ համագործակցության, նոր MRI սարքով ՀՀ առողջապահության ոլորտը համալրելու հնարավորությունների, ինչպես նաև կրթության ու գիտության ոլորտների զարգացման մասին:

Share