Բաժին. Պաշտոնական

Նիկոլ Փաշինյան. Սփյուռքի ներդրողը պետք է մտածի Հայաստանում շահույթ ստանալու մասին

Հայաստանի տնտեսության զարգացման ներկայի տեմպերը վկայում են տնտեսական թռիչքի հնարավորության մասին: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում կայացած հանրահավաքի ընթացքում: «Այս վճռական պահին ես հույս ունեմ, որ  Սփյուռքը, հատկապես Սփյուռքի երիտասարդությունը, երիտասարդ գործարարները, startup-եր ստեղծող մեր հայրենակիցներն իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն Հայաստանի վրա և իրենց գործունեությամբ կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն՝ իրենց նախնիների և իրենց հայրենիք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ Անկախության տոնին Գյումրիում իրականացված աննախադեպ մրցանակաբաշխությունը՝ «Մեր ժամանակի հերոսը», ցույց է տալիս, որ Հայաստանում  կա հնարավորություն, որ մարդն իր ազնիվ աշխատանքով վաստակի իր հացը: «Նոր ժամանակներն աշխատանքի, արարման, ստեղծագործելու ժամանակներն են, որ մենք մեր հույսը դնում ենք հայ ժողովրդի աշխատասիրության, տաղանդի վրա, որտեղ հայ ժողովրդի բարեկեցությունն ամեն օրվա հետ մեծանում է, բազմապատկվում է, կրկնապատկվում է: Եվ գիտե՞ք, սա ընդամենը միֆ չէ»,-նշեց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ 2000-ականների սկզբին Հայաստանի ճանապարհային ցանցը վերանորոգվեց Քըրք Քըրքորյանի նվիրաբերությունների շնորհիվ: Եվ այն ժամանակներում Հայաստանն իրոք գուցե ի վիճակի չէր հոգալ սեփական ճանապարհների և ենթակառուցվածքների որակը: «Բայց ես ուզում եմ ասել, որ հեղափոխությունից հետո մեկ տարի անց՝ այսօր, Հայաստանի կառավարությունն ի վիճակի է իրականացնել նույնքան մասշտաբային ծրագրեր Հայաստանի Հանրապետությունում, որքան իրականացրել է «Լինսի» հիմնադրամը: Մենք առաջիկա տարիներին Հայաստանում նորոգելու ենք հազարավոր կիլոմետրերի ճանապարհներ, նորոգելու ենք դպրոցներ, կառուցելու ենք մանկապարտեզներ: Բայց սա չի նշանակում, որ սփյուռքն անելիք չունի, հակառակը, ես ուզում եմ ասել, որ եկել է ժամանակը, որ սփյուռքի ներդրողները ևս մի քայլ անեն և մտածեն Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ներդրումներ անելու, Հայաստանում շահույթ ստանալու, Հայաստանում հարստանալու և Հայաստանը հարստացնելու մասին»,-ավելացրեց ՀՀ վարչապետը:

Նա հույս հայտնեց, որ Սփյուռքը կկանգնի Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխության կողքին. «Այսօրը հենց դա է նշանավորելու. այն սփյուռքը, որն աջակցել է Հայաստանին հասնելու այս կետին, երբ մենք մեր ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքում իրավունք ունենք համարվելու աշխարհում ժողովրդավարության լիդերներից մեկը, հույս ունենք, որ ինչպես Սփյուռքը կանգնեց Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հեղափոխության կողքին, այնպես էլ Սփյուռքը կկանգնի Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխության կողքին: Եվ ես ուզում եմ Սփյուռքի բոլոր գործարարներին հրավիրել Հայաստան, որովհետև այսօրվա Հայաստանում դուք չեք հանդիպի այն խոչընդոտներին, որոնք կային նախկինում: Հայաստանից արմատախիլ է արված համակարգային կոռուպցիան: Հայաստանում վերացված է մենաշնորհների և օլիգարխիայի իշխանությունը: Հայաստանում հաղթահարվում է ստվերային տնտեսությունը: Միջազգային բոլոր կազմակերպությունները Հայաստանի վերաբերյալ հանդես են գալիս ավելի ու ավելի լավատեսական տնտեսագիտական գնահատականներով՝ ավելի ու ավելի մեծացնելով տնտեսական աճի կանխատեսումները Հայաստանի վերաբերյալ»:

Share