Բաժին. Պաշտոնական

Խորհրդարանն ընդունեց ԵԱՏՄ երկրների օրենքների ներդաշնակեցման համաձայնագրի վավերացման օրինագիծը

ՀՀ ազգային ժողովն ընդունեց Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 9-ի խորհրդարանի նիստում «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը ներկայացրել էր Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:

«Ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2018-ի նոյեմբերի 6-ին Մոսկվայում: Եվ նախատեսվում է, որ դրանով անդամ պետությունների ընդհանուր ֆինանսական շուկայի  ստեղծումը կիրականացվի սահուն»,- նշել էր Աբրահամյանը:

Համաձայնագրով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բանկային, ապահովագրական եւ արժեթղթերի ոլորտների օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությունները եւ կարգը՝ հիմնված ֆինանսական շուկայի կարգավորման միջազգային սկզբունքների եւ ստանդարտների վրա: Համաձայնագիրն անդրադառնում է նաև միջազգային ստանդարտներին համաձայն ֆինանսական շուկայի ոլորտում ռիսկերի կարգավորման մոտեցումների ներդաշնակեցմանը: 

Աբրահամյանը նշել էր՝ ինչ վերաբերում է սկզբունքներին, ապա բոլոր կողմերը որդեգրել են հետևյալ սկզբունքը՝ առաջնորդվել միջազգային լավագույն փորձով, միջազգային ստանդարտներով:  Ներդաշնակեցման գործընթացն իրականացվելու է անդամ պետությունների փոխգործակցությամբ և յուրաքանչյուր անդամ պետություն ինքն է որոշելու, թե որ օրենսդրական նորմատիվ իրավական ակտերն են ենթակա ներդաշնակեցման: Համաձայնագիրը հաստատելուց հետո 9-ամսյա ժամկետում պետք է պատրաստվի համապատասխան միջոցառումների ցանկ: Համաձայնագիրն արդեն վավերացրել են Ռուսաստանն ու Բելառուսը:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 97 կողմ ձայնով:

Share