Բաժին. Պաշտոնական

Նախագահ Սարգսյանը «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ի շրջանակում մասնակցել է կայունության, շրջակա միջավայրի և վերականգնվող էներգիայի խնդիրներին նվիրված քննարկմանը

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ի շրջանակում մասնակցել է կայունության, շրջակա միջավայրի և վերականգնվող էներգիայի խնդիրներին և դրանց մեջ կանանց ներգրավվածությանը նվիրված քննարկմանը:

Կարևորելով նման քննարկումները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ բարձրացվող հարցերը վերաբերում են ապագային ու սպասվող մարտահրավերներին, այն ռիսկերին, որոնց առնչվելու ենք վաղը: «Մենք ապրում ենք մի դարում, որտեղ երիտասարդ նորարարություններն ու ստարտափերը կառավարում են աշխարհը, – ասել է նախագահը։ – Այս երկիրը լավ օրինակ է, թե ինչպես նոր տեխնոլոգիաները, գիտելիքը, իմաստուն որոշումներն ու առաջնորդությունը կարող են լավ արդյունքներ ունենալ բոլորի համար»:

Խոսելով կայունության մասին և այն համարելով էական գործոն երկրների զարգացման համար՝ նախագահ Սարգսյանն այդ համատեքստում կարևորել է կանանց դերակատարությունը կայունության ապահովման և հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման գործում։ Յուրահատուկ և անգնահատելի համարելով կանանց դերն ընտանիքում՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է նրանց մեծ ներդրումը երեխայի դաստիարակության, մշակույթի, լեզվի, ազգային արժեքների և ավանդույթների պահպանության հարցերում։ Նախագահը միաժամանակ նշել է, որ փոփոխվող աշխարհում կանանց համար շատ ավելի լայն հնարավորություններ կան՝ ներգրավվելու և ցույց տալու իրենց որակները, մասնակցելու կյանքի տարբեր ոլորտներում որոշումների ընդունմանը, հաջողության հասնելու տարբեր հարթակներում, այդ թվում՝ տեխնոլոգիաների, քաղաքականության և գործարարության ասպարեզներում:

Share