Բաժին. Պաշտոնական

Պարետը փակ տարածքներում գործող խոշոր առևտրային օբյեկտների մասին ցուցում է տվել գերատեսչություններին

Պարետ Տիգրան Ավինյանը փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտների առնչությամբ ցուցում է տվել պատկան գերատեսչություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։

«Սիրելի’ հայրենակիցներ, այսօր ցուցում եմ տվել պատկան գերատեսչություններին, որ մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00 ներառյալ ձեռնարկեն անհապաղ գործողություններ՝ ապահովելու փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում հետևյալ միջոցառումները. աշխատակիցների ապահովումը բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով, տարածքի ախտահանումը և սանիտարական անհրաժեշտ պայմաններ ապահովելուն ուղղված այլ գործողությունների պարբերական իրականացումը, անձանց կուտակումների բացառումը և գոյացած հերթերի կազմակերպումը»,- գրել է Ավինյանը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 78-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Share