Բաժին. Պաշտոնական

Պարետի որոշումը. Տնտեսական գործունեության որ տեսակներն են ժամանակավորապես արգելվել

Հայաստանի Հանրապետության կառավարության կայքում հրապարակվել է արտակարգ դրության պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշումը տնտեսական գործունեության առանձին տեսակներով գործունեություն ծավալելն արգելելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է պարետի որոշումը․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20 – րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ժամանակավորապես արգելել տնտեսական գործունեության առանձին տեսակներով գործունեություն ծավալելը՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝ 1)Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը կոմիտեի պաշտոնական կայքէջում հրապարակել այն տնտեսվարողների ցանկը, որոնք անկախ գործունեության տեսակի կշռից 2020 թվականի մարտի 23-ի դրությամբ ՀՀ ՊԵԿ են ներկայացրել սույն որոշման Հավելվածի 1-ին և 2-րդ կետերում ներառված տնտեսական գործունեության ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնելու վերաբերյալ տեղեկատվություն:

2) Պարետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն հավելվածով արգելված գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարողների գործունեության վերաբերյալ՝ 2020 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 23-ը, ինչպես նաև՝ մինչև սույն որոշման գործողության ավարտը այդ տեղեկատվության թարմացումները։

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝

1) ապահովել տնտեսվարողների կողմից սույն որոշման պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն:

2) ամենօրյա պարբերականությամբ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18-ի Ց/10-2020 ցուցման համապատասխան Պարետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝

1) ապահովել  սույն որոշման պահանջների հետ կապված՝ տնտեսվարողներին պարզաբանումներ տալու գործընթացը,

2) 1-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման պահանջների վերաբերյալ հանրությանը պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ հորդորել թույլատրված վայրերում սոցիալական նվազագույն հեռավորություն պահպանելու կանոնների՝ 10 քառակուսի մետրի հաշվով 1 անձի գտնվելու վերաբերյալ:

Ուժը կորցրած ճանաչել Պարետի 2020 թվականի մարտի 21-ի N 9 որոշումը: 6. Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 23-ին, ժամը 18:00-ից»,- ասված է որոշման մեջ:

Հայաստանի Հանրապետության ողջ  տարածքում ժամանակավորապես արգելվել է տնտեսական գործունեության հետևյալ տեսակները․

ՀՀ «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ134-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված առևտրի իրականացման վայրեր, բացառությամբ դրանցում գործող՝

1) պարենային ապրանքների վաճառքի իրականացման առևտրի օբյեկտները,

2) դեղատները,

3) գյուղատնտեսական արտադրանքի շուկաները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» N 874-Ն հրամանի հավելվածով սահմանված՝ «Բարերի և խմիչքների մատուցման համանման կետերի ծառայությունների գործունեություն» (կոդ` 56.3), «Կինոթատրոններում, բացօթյա կամ այլ կառույցներում կինո- և տեսաֆիլմերի ցուցադրում, կինոակումբների գործունեություն» (կոդ՝ 59.14.0), «Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն» (կոդ՝ 92), «Սպորտի, զվարճությունների և հանգստի կազմակերպման բնագավառում գործունեություն» (կոդ՝ 93), «Այլ անհատական ծառայությունների մատուցում» (կոդ՝ 96), բացառությամբ՝ 1) Ինտերնետի միջոցով իրականացվող շահումով խաղերի և վիճակախաղերի գործունեությունը,

2) Բարերի, սրճարանների գործունեությունը (կոդ՝ 56.30.1)՝ միայն սրճարանների մասով,

3) Շարժական կետերից խմիչքների, ըմպելիքների վաճառքը (կոդ՝ 56.30.4),

4) Բարերի և խմիչքների մատուցման ծառայություններ այլ կետերից (կոդ՝ 56.30.9),

5) Թաղումների կազմակերպման հետ կապված ծառայությունները (կոդ՝ 96.03):

Share