Բաժին. Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն 88% ձայնով ընտրվել է Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

«Ընտրությանը մասնակցել է 47165 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 45%-ը, Մասիս Մայիլյանի օգտին քվեարկել է 5728 ընտրող կամ 12%-ը, Արայիկ Հարությունյանի օգտին` 39860 ընտրող կամ 88%-ը»,- ասաց Արզումանյանը։

ԿԸՀ-ն ավելի վաղ ներկայացրել էր քվեարկության արդյունքներն ըստ շրջանների.

1․ Ստեփանակերտ – Մասիս Մայիլյան՝ 1168, Արայիկ Հարությունյան՝ 11051,

2․ Ասկերանի շրջան – Մասիս Մայիլյան՝ 802, Արայիկ Հարությունյան՝ 5672,

3․ Հադրութի շրջան – Մասիս Մայիլյան՝ 625, Արայիկ Հարությունյան՝ 4193,

4․ Մարտակերտի շրջան – Մասիս Մայիլյան՝ 842, Արայիկ Հարությունյան՝ 5734,

5․ Մարտունու շրջան – Մասիս Մայիլյան՝ 1145, Արայիկ Հարությունյան՝ 7386,

6․ Շահումյանի շրջան – Մասիս Մայիլյան՝ 114, Արայիկ Հարությունյան՝ 994,

7․ Շուշիի շրջան – Մասիս Մայիլյան՝ 282, Արայիկ Հարությունյան՝ 1477,

8․ Քաշաթաղի շրջան – Մասիս Մայիլյան՝ 445, Արայիկ Հարությունյան՝ 3174,

9․ Երևանի ընտրատեղամաս – Մասիս Մայիլյան՝ 5, Արայիկ Հարությունյան՝ 179։

Ապրիլի 14-ին կայացել է Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում երկրորդ փուլ էին դուրս եկել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` 49,26% «կողմ» ձայնով, և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% «կողմ» ձայնով։

Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում արցախցիներին կոչ էր արել չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։

Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։

Share