Բաժին. Այլ Լուրեր

ԿԱՊԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ JEEP TRIAL ԿԱՐԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՑ ՄՐՑԱՐՇԱՎ

Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան, «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ, կազմակերպում է  արտաճանապարհային մեքենաների Jeep Trial կարգի միջազգային բաց մրցարշավ: «Զանգեզուր Extreme 2012» խորագրով մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին, Սյունիքի մարզի Կապան քաղաքում:

Մասնակիցները կհաղթահարեն արհեստական և բնական խոչընդոտներով դժվար անցանելի ճանապարհներ: Մրցուղու հատվածներից մեկը նախատեսում է ավտովերհանի կիրառում: Հաղթող կճանաչվեն այն մարզիկները, որոնք ամենաարագ կհաղթահարեն մրցուղին` նվազագույն տուգանային միավորներով:

«Առաջիկա մրցույթով մենք ամփոփում ենք 2012 թ-ի արտաճանապարհային մեքենաների Էքստրեմալ սպորտաձևի աշուն-ձմեռ մրցաշարը:  «Ադրենալին» ասոցիացիայի հետ մեկ տարվա համագործակցության շրջանակում կաղզմակերպվել է Էքստրեմալ մարզաձևերի 10 մրցույթ: «Զանգեզուր Extreme 2012» մրցույթը կդառնա Հայաստանի մարզերում կազմակերպված 5-րդ միջոցառումը: «ԱրմենՏել» ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական ռազմավարության շրջանակում ձգտում է հավասարապես աջակցել երիտասարդկան ծրագրերին ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:  Կապանում մրցույթը կանցկացվի առաջին անգամ և մենք վստահ ենք, որ կբաձրացնենք Էքստրեմալ մարզաձևերի հանդեպ Սյունիքի մարզի երիտասարդների հետաքրքրվածությունը, դարձնելով հետագա մրցույթներն ավելի վառ, գունեղ և հետաքրքիր», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին, “Ադրենալին”  էքստրեմալ սպորտաձևերի Ֆեդերացիան ավելի ու ավելի հաճախ է միջոցառումներ կազմակերպում ՀՀ մարզերում, բացահայտում նոր տաղանդներ  և  սպորտի մեծ պոտենցիալ ունեցող երիտասարդներ, հնարավորություն է տալիս ինքնադրսևորվելու և ինչու ոչ, հետագայում տարբեր միջազգային մրցուղիներում Հայաստանը ներկայացնելու: Նաև մեր հաջողությունների մասին է խոսում այն փաստը, որ Ադրենալինի կողմից կազմակերպված բոլոր միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են գալիս մարզիկներ Վրաստանից, Ռուսաստանից և Իրանից», – նշել է Հայաստանի Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:

Մրցույթին մասնակցելու համար հրավիրված են մարզիկներ Իրանից և Վրաստանից: Պրոֆեսիոնալ մարզիկների հետ միասին ուժերը չափելու հնարավորություն կունենան նաև բոլոր ցանկացողները, ովքեր կհամապատասխանեն կանոնակարգի պահանջներին: Գրանցումը բաց է: Մանրամասների  համար դիմել «Ադրենալին» ասոցիացիա` 010228085  հեռախոսահամարով կամ ք. Կապան, Ռաֆայել Մինասյանի փ. 14 հասցեով:

Share