Բաժին. Այլ Լուրեր

350 ՄԼՆ ԴՐԱՄ, 3.5 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԵՎ 1.4 ՄԼՆ ԵՎՐՈ. ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՔՐՈՋ ՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

«Լուս Աստղ շուգր» (Ախուրյանի շաքարի գործարան) ընկերության փոխտնօրենը` Արթուր Պետրոսյանը, Երեւանի ավագանու ընտրություններում զբաղեցնում է ՀՀԿ-ի ցուցակի 44-րդ համարը: Արթուր Պետրոսյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է: Այս մասին գրում է hetq.am-ը՝ ներկայացնելով որպես ավագանու թեկնածու՝ Արթուր Պետրոսյանի  գույքի ու եկամուտների հայտարարագիրը:

Ըստ հայտարարագրի՝ Արթուրը 2012թ. հունվարի 1-ից մինչեւ այս տարվա հունվարի 1-ն ունեցել է ընդամենը 1 միլիոն 100 հազար դրամի եկամուտ, որը «Լուս Աստղ շուգր» ՍՊԸ-ից ստացած աշխատավարձն է, սակայն կուտակել է մեծ կարողություն:

Պարզ հաշվարկով, պատգամավորի քրոջ որդին ամսական ստացել է մոտ 92 հազար դրամի եկամուտ, սակայն նրան է պատկանում 34 միավոր անշարժ գույք. շենք-շինություններ, հողամասեր, բնակարաններ, ավտոտնակներ ու ավտոկայանատեղիներ, կրպակներ, առեւտրի սրահ, շուկա, խանութներ եւ այլն: Նշենք, որ 30-ամյա Արթուր Պետրոսյանի  հողամասերից  4-ը, ինչպես նաեւ 2 բնակարան եւ 2 ավտոկայանատեղին գտնվում են Հյուսիսային պողոտայում: Ավագանու թեկնածուն ունի նաեւ «ԳԱԶ 33021-212» եւ «Ռենջ-Ռովեր Սպորտ V-8» մակնիշի 2 ավտոմեքենա:

Քիչ չեն նաեւ նրա դրամական միջոցները: Ապրիլի 3-ի դրությամբ Արթուր Պետրոսյանի հաշվին եղել է 350 միլիոն դրամ, 3 միլիոն 500 հազար դոլար եւ 1 միլիոն 400 հազար եվրո:

Կայքը գրում է, որ չի բացառվում, որ Արթուր Պետրոսյանի անշարժ գույքի եւ ֆինանսական միջոցների զգալի մասի իրական սեփականատերը լինի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Հակառակ տրամաբանությունը չկա, թե ինչպես կարելի է տարեկան 1 միլիոն 100 հազար դրամով այդքան կարողության տեր դառնալ:

Share