Բաժին. Այլ Լուրեր

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ

Երեկ երեկոյան Վրաստանի Նինոծմինդայի շրջանում անկարգություններ կազմակերպելու և խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել է  ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի եղբայրը՝ Արմեն Չախալյանը:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Չախալյանի ձերբակալությանը մասնակցել են Ախալքալաքի և Նինոծմինդայի օրինապահ մարմինները, ինչպես նաև դիմակով և ինքնաձիգով զինված հատուկ ջոկատի ոստիկանները:

Բացի Արմեն Չախալյանից, ձերբակալվել է նաև Նինոծմինդայում և հարակից գյուղերում բնակվող ևս 60 երիտասարդ: Ձերբակալվածներին տեղափոխել են Ախալցխե, որտեղ էլ նրանց մի մասին ազատ են արձակել: Նշենք, որ միջադեպի արդյունքում տուժածներ չկան:

«Բիզնես 24»ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Արմեն Չախալյանը ոչ մի առընչություն չունի կատարվածի հետ: Չախալյանը քաշքշուկին չի մասնակցել, այլ ձերբակալվել է մեքենայից իջնելու պահին: Այս գործի առթիվ բացվել է քրեական հետաքննություն:

Դեպքերի հետագա ընթացքը ցույց կտա` արդյոք այս ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի, թե ոչ:

Share