Բաժին. Այլ Լուրեր

Հոկտեմբերի 4-ին կմեկնարկի Արենի գինու փառատոնը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, «Արենի Փառատոն» հիմնադրամի, Վայոց Ձորի մարզպետարանի և բազմաթիվ աջակցող կազմակերպությունների սերտ համագործակցությամբ, հոկտեմբերի 5-ին Արենի համայնքում կկայանա արդեն ավանդական դարձած Արենի Գինու Փառատոնը:

Փառատոնն այս տարի ընդլայնել է իր սահմանները` ընդգրկելով Վայոց Ձորի մարզում գինեգործությամբ աչքի ընկնող Ռինդ, Արենի և Եղեգնաձոր համայնքները:

Փառատոնի նպատակն է նպաստել միջազգային և ներքին զբոսաշրջային շուկայում Վայոց Ձորի մարզի` որպես բարենպաստ և գրավիչ զբոսաշրջավայրի, այդ թվում` գինեգործության բնօրրանի և միջազգային գինու ճանապարհի կարևորագույն բաղկացուցիչ մասերից մեկի նկարագրի ձևավորմանը, Արենի և այլ համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացմանը,  հայկական ավանդույթների և մշակույթի պահպանությանն ու զարգացմանը, Հայաստանի համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը:

Փառատոնին ներկայացված կլինեն գործարանային և տնական արտադրության գինիներ, հուշանվերներ: Այցելուների համար կստեղծվեն հանգստի գոտիներ, կգործեն սննդի տաղավարներ և սրճարաններ: Փառատոնի ընթացքում գյուղի տարբեր հատվածներում կկազմակերպվեն ավանդական խաղեր, թատերական բեմադրություններ, շոու ծրագրեր: Ներկաները հնարավորություն կունենան նաև այցելելու եկեղեցի, որտեղ իր կատարումներով հանդես կգա մարզի երգչախումբը: Գյուղի բնակիչները սիրով կհյուրընկաեն գյուղական կյանքով հետաքրքրված  հյուրին:

Մեկ օր առաջ, հոկտեմբերի 4-ին, Ռինդ համայնքում տեղի կունենա  տնական արտադրության գինիների մրցույթ: Վայոց Ձորի մարզի տարբեր գինեգործական համայնքներից մի շարք տնական գինի արտադրողներ իրենց հատկացված տաղավարներում Ռինդ ժամանած հյուրերի և մասնագիտական ժյուրիի դատին կներկայացնեն իրենց անուշահամ գինիները: Օրվա ավարտին գաղտնի քվեարկության արդյունքում կընտրվեն լավագույն գինիները, որոնց մրցանակներ կշնորհվեն փառատոնի կազմակերպիչ կառույցների կողմից: Այդ օրը բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու խաղողի բերքահավաքին, կստեղծվեն հնարավորություններ խմբերով մեկնել այգիներ և   հետաքրքիր ու հիշարժան ժամանց անցկացնել: Միջոցառման ամբողջ ընթացքը կուղեկցվի երաժշտական համարներով և պարային կատարումներով:

Նախատեսվում է նաև, որ հոկտեմբերի 6-ին մարզկենտրոն Եղեգնաձորում կկայանա Գինու Փառատոն 2013-ի Բերքի տոն եզրափակիչ միջոցառումը: Մարզի բոլոր համայնքներն իրենց հատկացված տաղավարներում կներկայացնեն իրենց գյուղատնտեսական արտադրանքը: Այցելուներին հնարավորություն կտրվի ճաշակել տվյալ տեղանքին հատուկ ճաշատեսակներն ու բարիքը: Միջոցառումը կուղեկցվի թատերական, համերգային, պարային ծրագրերով: Միջոցառման ավարտին կկազմակերպվի հեղինակային երգերի «Եղեգ» հանրապետական փառատոն-մրցույթը:

Share