Բաժին. Այլ Լուրեր

ՀՀ Մաքսային ծառայություն. Տոն օրերին կառույցն աշխատել է ամբողջ հզորությամբ

Անդրադառնալով տոնական օրերին Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության «անգործության» և մաքսային կարգավորումների հետ կապված «անորոշության» վերաբերյալ ԶԼՄ-ներում առկա տեղեկատվությանը, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը. մաքսային մարմնի անգործության մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարի 27-ը դեկտեմբերի 2014թ.-ի «2015 թվականի հունվարի տոնական օրերին մաքսային ծառայության որոշ ստորաբաժանումներում հերթապահություն սահմանելու և օպերատիվ կառավարման աշխատանքային խումբ ստեղծելու մասին» հրամանի համաձայն, 2015 թվականի հունվարի տոնական օրերին մաքսային մարմինների աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 10.10.14թ. ստորագրված պայմանագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների գործնական ճշգրիտ կիրառումն ապահովելու և այդ կապակցությամբ առաջացող հարցերի օպերատիվ կարգավորումն ապահովելու նպատակով` ստեղծվել է օպերատիվ կառավարման աշխատանքային խումբ, որին հանձնարարվել է ապահովել ՀՀ ՖՆ մաքսային ծառայության մասով կառուցվածքային ստորաբաժանումներին, մաքսային մարմիններին օպերատիվ պարզաբանումների և մեթոդական ու կազմակերպչական բնույթի օժանդակության տրամադրումը` կապված ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությամբ մաքսային գործառնությունների և ընթացակարգերի փոփոխությունների հետ:

Հրամանով հանձնարարվել է մաքսային հսկողության գոտիներում, մաքսային հսկողության տարածքներում (ժամանակավոր պահպանման պահեստներում), մաքսային պահեստներում, սահմանային մաքսային մարմիններում 2014 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2015-ի հունվարի 11-ը սահմանել հերթապահություն` յուրաքանչյուր օրվա համար նշանակելով պատասխանատու աշխատակից: Հրամանով մաքսատների պետերին հանձնարարվել է 2015թ. հունվարի 8-ին ժամը 11-ից 16-ը մաքսատներում սահմանել հերթապահություն: Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ մինչև 2015թ. հունվարի 2-ը մաքսային ձևակերպումներն ու հսկողությունն իրականացվել են, իսկ մաքսային ենթակառուցվածքները գործել են նախքան ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը գործած ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Հունվարի 2-ից հետո մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգում և մաքսային հսկողության գործընթացում անցում է կատարվել ԵՏՄ ընթացակարգերին, որոնց համաձայն, ԵՏՄ պայմանագրին ՀՀ-ի անդամակցության մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու առաջին օրվանից սկսած իրականացվել են անհրաժեշտ մաքսային գործառնությունները: Մասնավորապես. հունվարի 2-ից մինչև 11-ն ընկած ժամանակահատվածում.

ընդունվել է տարանցիկ փոխադրման ընթացակարգով 16 հայտարարագիր ՀՀ տարածքից ԵՏՄ այլ երկրներ ապրանքներ տեղափոխելու համար

ընդունվել է ներքին տարանցման թվով 885 փաստաթուղթ

ԵՏՄ այլ երկրներից ՀՀ ապրանքների տեղափոխման 3 դեպքով իրականացվել են ԵՏՄ այլ երկրներում բացված տարանցման ընթացակարգի ավարտման գործառնություններ.

ընդունվել է մաքսային 3792 հայտարարագիր այլ մաքսային ընթացակարգերով, այդ թվում՝ ժամանակավոր ներմուծման և վերաարտահանման ընթացակարգերով՝ 3736, բացթողում ներքին սպառման համար ընթացակարգով՝ 56 հայտարարագիր:

Տեղեկացնում ենք նաև, որ ստեղծված օպերատիվ կառավարման խմբի և սահմանված հերթապահության վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է ԶԼՄ-ներում, ինչպես նաև տեղադրվել է ՀՀ մաքսային ծառայության կայքում՝ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին:

Ինչ վերաբերում է հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի «անգործության» մասին հրապարակումներին՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ դա նույնպես չի համապատասխանում իրականությանը: Հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնը 2015 թվականի հունվարի 3-ից մինչև 12-ն աշխատել է շուրջօրյա ռեժիմով. օրական ստացվել է միջինը 50-70 զանգ, որոնց 80 տոկոսը վերաբերել է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության  հետ կապված հարցերին:

Այսպիսով, թեև ՀՀ ՖՆ մաքսային ծառայությունը տոնական օրերին գործել է բնականոն, այնուհանդերձ չպետք է մոռանալ, որ Արտաքին տնտեսական գործունեության ոլորտում Մաքսային ծառայությունից բացի ընդգրկված են նաև պետական և մասնավոր կառույցներ, և մաքսային ձևակերպումների տևողությունն ու գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է նաև նշված կառույցների աշխատանքով:

Share