Այլ Լուրեր | 15:55 16/03/15

Բրազիլիայում ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարականը

Երեկ` մարտի 15-ին բրազիլական տասնյակ քաղաքների փողոցներ են դուրս եկել ավելի քան մեկ միլիոն ցուցարարներ: Նրանցից շատերը պահանջում են նախագահ Դիլմա Ռուսեֆի հրաժարականը` մեղադրելով նրան երկրի տնտեսական ծանր վիճակի և կաշառակերության մակարդակի շեշտակի բարձրացման համար: 

Ցուցարարները մի մասն էլ իշխանություններին կոչ է անում մանրամասն քննել Petrobras պետական նավթային կորպորացիայի շուրջ ծավալված աղմկահարույց գործը: Ընդ որում` կորպորացիան 7 տարի շարունակ ղեկավարել է նախագահ Ռուսեֆը: Ուշագրավ է, որ 2014-ին հետաքննության արդյունքում հայտնի էր դարձել, որ Petrobras ընկերության անունից մի շարք անձինք ստորագրել են համաձայնագրեր` դրանց դիմաց ընդհանուր գումարից ստանալով 3% կոմիսիոն վճարներ: Այդ միջոցներով կաշառվել են քաղաքական մի շարք գործիչներ և համապատասխան պաշտոնյաներ: Իշխանությունների տվյալներով` գաղափարի հեղինակները գների բարձրացումից և կաշառքներից հաջողացրել են ստանալ մոտ 3,8 մլրդ ԱՄՆ դոլարի եկամուտ:

Նշենք, որ բողոքի ցույցերն ընթանում են Բրազիլիայի 83 քաղաքներում` ներառյալ մայրաքաղաք Բրազիլիան: Առավել խոշորը տեղի է ունենում Սան Պաուլուում, որն ավանդաբար համարվում է երկրի ընդդիմադիր ուժերի հարթակը: