Բաժին. Այլ Լուրեր

Ժողովուրդ օրաթերթ. ՀՀ պաշտոնյաները միլիոնավոր դրամների ճանապարհային տուգանքներ են վճարում

«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել է պաշտոնյաների կողմից իրականացված ճանապարհային խախտումների արձանագրման խնդրին:

«2011 -ից սկսած Հայաստանում ամենուրեք տեղադրված արագաչափերն ու տեսախցիկները ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների ավտոմեքենաների թույլ տված խախտումներն արձանագրել են, սակայն տույժի ենթարկելու վարչական ակտը օրինախախտներին չի առաքվել: Այսինքն՝ մինչ օրս ՀՀ պաշտոնյաները ինչպես ցանկացել, այնպես էլ վարել են ավտոմեքենաները: Բայց երբ այս տարվա սկզբին նախագահի վերահսկողական ծառայությունը ՀՀ ճանապարհային ոստիկանությունում ստուգումներ անցկացրեց, այդ փաստն ի հայտ եկավ և իրավիճակը զեկուցվեց Սերժ Սարգսյանին:

Ըստ ամենայնի, դրա արդյունքում էր, որ ՃՈ նախկին պետ Արտակ Հարությունյանը հունիսի 29-ին պաշտոնանկ արվեց, իսկ արդեն հուլիսի 1-ից ՀՀ պաշտոնյաները (ընդհուպ մինչև նախարարներ, փոխնախարարներ) սկսել են ստանալ երթևեկության կանոնների խախտման՝ տարիներ շարունակ կուտակված ակտերն արդեն փաթեթով: Շատերը ստիպված են միլիոնավոր դրամներ վճարել պետբյուջե, հավանաբար ինչ-որ պայմանավորվածություն է խախտվել, դրա համար էլ տուգանքների «սահմանված կարգը» փոխվել է»,–գրում է պարբերականը։

Share